«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մուշ–2» բնակելի թաղամասում բազմաբնակարան երկու շենքերի և մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ավարտվել են վերջերս, որից հետո, օրենքով սահմանված կարգով Հիմնադրամը դիմել է և 18.11.2022թ․-ին ստացել է կառուցված բազմաբնակարան երկու շենքերի սեփականության իրավունքը հաստատելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Ավարտական փաստաթղթերի հիման վրա` Հիմնադրամը ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեում 02.12.2022 թ․-ին գրանցել է շինության նկատմամբ իր սեփականության իրավունքը։
Կառուցած բազմաբնակարան երկու շենքերի սեփականության իրավունքի գրանցումից հետո, Հիմնադրամը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է՝ գրանցելու երկու շենքերի ծավալում շինության նախագծով նախատեսված առանձնացված միավորները՝ 36 բնակարանների նկատմամբ առանձին սեփականության վկայականները ստանալու նպատակով։
Բոլոր բնակարանների նկատմամբ սեփականության վկայականների ստացումից հետո, Հիմնադրամը ընտրված բոլոր 36 շահառուների հետ կկնքի անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր՝ նոտարական վավերացմամբ և պայմանագրից ծագող բոլոր իրավունքները կգրանցվեն ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեում: Նոտարական վավերականացման և գրանցման բոլոր ծախսերը ևս կհոգա «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
Բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո միայն, շահառուները հնարավորություն կստանան դիմել և բաժանորդագրվել ջրի, հոսանքի և գազի անհատական հաշվիչները ստանալու և տեղադրելու համար։
Ցանկանում ենք ընդգծել, որ «Մուշ–2» թաղամասում կառուցված երկու բազմաբնակարան շենքերի, մանկապարտեզի և ևս երկու շենքերի կառուցման ծրագիրը Հիմնադրամը հատուկ մշակել է երկրաշարժից տուժած և 30 տարի տնակավաններում բնակվող գյումրեցիների հոգսը թոթափելու նպատակով, որի շրջանակում առաջնահերթ շահագրգիռ կողմը հենց Հիմնադրամն է՝ իրականացնելու այս կարևոր և աննախադեպ ծրագիրը:
Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մուշ-2» թաղամասի բազմաբնակարան շենքերի 36 շահառուներն ընտրվել են ըստ հստակ մշակված չափորոշիչների՝ երկրաշարժից տուժած լինելու հանգամանքը, երբևէ ԲԳՎ կամ տուն ստացած չլինելը, անչափահաս երեխաների առկայությունը, բազմազավակ ընտանիք լինելը: Շահառուների ընտրությունից հետո ցուցակները նաև քննարկվել ու համաձայնեցվել են Գյումրիի քաղաքապետարանի հետ, որպեսզի շահառուների ընտրությունը կատարվի լիովին անաչառ։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ «Հեռուստամարաթոն-2022»–ի նկարահանումների շրջանակում, «Մուշ-2» թաղամասի շահառուներին իրենց բնակարանների բանալիները սիմվոլիկ են հանձնվել, երբ նրանց տեղեկացրել են իրենց շահառու լինելու մասին:
Շահառուները հնարավորություն կունենան մուտք գործել և լիարժեք շահագործել իրենց բնակարանները՝ վերը նշված գործընթացներն օրենսդրությանը համապատասխան ավարտելուց հետո։ Ընտրված շահառուների ցանկում որևէ փոփոխություն չի եղել և չի լինելու։
Հարկ ենք համարում նշել, որ դեկտեմբերի 7–ին Հիմնադրամի կողմից «Մուշ-2» թաղամասի շենքերի բացման վերաբերյալ տարածվող լուրերն ապատեղեկատվություն են: Շենքերի բացման վերաբերյալ տեղեկատվություն տարածելը իրավասու է և կհրապարակի միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Հորդորում ենք զերծ մնալ Հիմնադրամի անունն անհարկի շահարկելուց և Հիմնադրամի անունից ապատեղեկատվություն տարածելուց: Ապատեղեկատվության տարածումից խուսափելու նպատակով, հարցերի առկայության դեպքում, բոլոր շահառուներին խնդրում ենք դիմել անմիջապես «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Հաշվի առնելով, որ Հիմադրամը ևս երկու բազմաբնակարան շենք է կառուցում նույն թաղամասում, կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր հետևում են Հիմնադրամի գործունեությանը, իրենց նվիրատվություններով մասնակցել այս եզակի ծրագրի կյանքի կոչմանը։ Ձեր նվիրատվությունները կարող եք կատարել առցանց՝ https://www.himnadram.org/hy/donate կամ բանկային փոխանցումների միջոցով՝ https://www.himnadram.org/hy/bank-transfers։
Միացեք Հիմնադրամի կենսունակ համայնքների ստեղծման առաքելությանը։ Միասին կարող ենք կյանքեր փոխել։