Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Այս մասին Irakanum.am-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, գտնվում է հոսպիտալի բժիշկների հսկողության տակ»,- նշեց Թորոսյանը:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողի առողջությանը հրազենային վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ: