00:00:00

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը

17:26, 03 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2014 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների օրհնության և երկրպագության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից  հայտնում են, որ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշոնրհ Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, հայաստանյան թեմերի առաջնորդներ և բազմաթիվ ուխտավորներ:

Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ մատուռ-մկրտարան բերվեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը:

Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադարձ կատարելով տոնի խորհրդին և եկեղեցու առաքելությանը, ի մասնավորի նշեց. «Եկեղեցին գիշեր և զոր իր ողջ կարողությամբ Աստծու խոսքն է բաշխում մեզ ամենքիս։ Ինչպես դարեր առաջ առաքելական քարոզչությամբ մեր նախնիներն իրենց սրտերը բացեցին Աստծու լույսի առջև և դարձան հետևորդները Քրիստոսի, այնպես էլ մենք այսօր հավատարմորեն հետևենք Քրիստոս Աստծուն, հետևենք Նրա Սուրբ Եկեղեցուն և թույլ չտանք, որ այս դժվարին օրերին խավարը հաղթի լույսին»։

Հայր Ասողիկը հորդորեց անդադար լսել Առաքելական Սուրբ Եկեղեցու պատգամները և դրանք կյանքի կոչել, որպեսզի արժանի լինենք Աստծու արքայությանը, որը մեր մեջ է և Սուրբ Թադեոս ու Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների բարեխոսությամբ բարձր պահենք հայոց առաջին լուսավորիչների հանդիպումով հայոց աշխարհում հաստատված խաչը։

Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ  Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր