00:00:00

Հայաստանում մոտ 1.5 միլիոն քաղաքացի համարվում է աղքատ, իսկ թերսնվածների թիվը կրկնապատկվել է

16:44, 03 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Աղքատության իրական մակարդակը Հայաստանում ոչ թե 26.5 տոկոս է, այլ 45.7 տոկոս։ Նկատենք, որ 26.5 տոկոսի մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության վերջին նիստում՝ մատնանշելով ՀՀ վիճակագրական կոմիտեի նոյեմբերի 30-ին հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը:

Ու շատերի մոտ էլի տարակուսանք առաջացավ, թե այդ ինչպե՞ս, չէ՞ որ իրենք իրենց մաշկի վրա բոլորովին այլ վիճակ են զգում։ Զգում են, և ճիշտ են անում։ Որովհետև աղքատության իրական մակարդակը Հայաստանում ոչ թե 26.5 տոկոս է, այլ 45.7 տոկոս։

Այլ կերպ ասած, Հայաստանի բնակչության գրեթե կեսը՝ մոտ 1 միլիոն 350 հազար մարդ, պաշտոնապես համարվում է աղքատ, եթե հաշվի առնենք Հայաստանի բնակչության մոտ 2 միլիոն 960 հազար պաշտոնական թվաքանակը։ Ու այստեղ ոչ մի «ֆոկուս» էլ չկա։ Որովհետև վարչապետը հրապարակեց աղքատության ցուցանիշը՝ ըստ միջին գծի։ Իսկ աղքատության չափման հիմնական (պաշտոնական) մոտեցումը Հայաստանում համարվում է 2019թ.-ի մեթոդաբանությունից բխող բացարձակ՝ ըստ սպառման, աղքատությունը: Նշված համատեքստում բացարձակ աղքատությունը տնային տնտեսությունների որոշակի կենսամակարդակի ընդունելի նվազագույնի ապահովման անկարողությունն է: Հայաստանի բնակչությունն, ըստ աղքատության կարգավիճակի, բաժանվում է աղքատ և ոչ աղքատ տնային տնտեսությունների: Աղքատներն իրենց հերթին ներառում են` չափավոր (շատ) աղքատներ և նրանց թվում` ծայրահեղ աղքատներ:

Ըստ վերին գծի աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից, չափավոր (կամ շատ) աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից, ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից։

«Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի համաձայն՝ 2021 թ. աղքատության վերին գիծ է սահմանվել ամսական 57,744 դրամը, իսկ դրանից ցածր եկամուտներ ունեցողները այսպես թե այնպես համարվել են աղքատ. Այս դեպքում՝ 45.7 տոկոսը, կամ մոտ 1.5 միլիոն քաղաքացի։ Իսկ աղքատության միջին գիծն, իրականում, պարզապես աղքատության վերին և ստորին գծերի միջինացված ցուցանիշն է, որը որևէ կերպ չի փոխում մարդկանց սոցիալական վիճակը և նրանց չի դարձնում ապահովված։

Եվ սոցիալական պատկերը բնութագրելու համար «պետք է հստակ արձանագրել», որ աղքատ է ոչ թե բնակչության 26.5 տոկոսը, այլ 45.7 տոկոսը՝ մոտ կեսը։ Այստեղ հարկ է նշել նաև, որ 2021 թվականին աղքատության ստորին գիծ՝ շատ աղքատության գիծ, սահմանվել է ամսական 38 հազար 548 դրամը, շատ աղքատության ցուցանիշը եղել է 10,5 տոկոս՝ կամ մոտ 310 հազար քաղաքացի։ Իսկ ծայրահեղ, կամ որ նույն է՝ պարենային, աղքատության մակարդակը 2020 թվականի համեմատ կրկնապատկվել է և 0.7-ից հասել 1.5 տոկոսի։ Այսինքն՝ պաշտոնապես թերսնված համարվող մարդկանց թիվը 2021 թվականին՝ 2020թ.-ի համեմատությամբ, ավելացել է մոտ 24 հազարով և հասել է 44 հազարից ավել քաղաքացու։

Իսկ եթե ընդհանուր գնաճի մեջ առաձին հաշվի առնենք սպառողական ու հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների վերջին շրջանի թանկացումները, որն ավելին է, քան ընդհանուր գնաճը և այլն, և այլն, ապա պատկերը կարող է էլ ավելի «մռայլվել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր