00:00:00

Եթե անգամ պարզվի Վրույր Բարսեղյանի անմեղսունակությունը, նա պատժից չի ազատվի. Պեմզաշենի գործով տուժող կողմի ներկայացուցիչ

12:01, 03 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի եւ նրա 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործով նախաքննության ընթացքում տուժող կողմը թերացում դեռեւս չի նկատում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի՝ Զարինեի ամուսնու, ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը:

 

«Այսպես ասած, աչքներս չորս արած հետեւելու ենք, որտեղ թերություն տեսանք, բարձրաձայնելու եմ, բայց այս պահին ինչ-որ դժգոհություն չկա: Նշանակված են մի քանի փորձաքննություններ, որոնց եզրակացություններից հետո արդեն շատ բան պարզ կլինի: Այդ դեպքում հնարավոր կլինի արդեն միջնորդություններ ներկայացնել: Գործից շատ հանգամանքներ, ի տարբերություն պաշտպանական կողմի, իրենց ողջ ծավալով մեզ հասանելի չեն, այդ պատճառով այժմ գնահատականներ տալուց պետք է զերծ մնամ»,- նշեց Գալիկյանը:

Նշանակված փորձաքննություններից մեկն էլ դատահոգեբուժական է՝ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանի նկատմամբ: Գալիկյանը, սակայն, ընդգծում է, անգամ եթե եզրակացությամբ ապացուցվի Վրույր Բարսեղյանի անմեղսունակությունը, նա պատասխանատվությունից չի ազատվի:

 

«Նման դեպքերում նշանակվում է հարկադիր բուժում, անձին մեկուսացնում են եւ նա օրինակ կարող է 20 տարի անցկացնել այդ հարկադիր բուժման մեջ: Եթե անձի նկատմամբ անմեղսունակությունը պարզելու փորձագիտական հետազոտություն է նշանակվում, դեռ չի նշանակում, որ տվյալ անձը մեղսունակ չէ: Նմանատիպ գործերում հիմնականում միշտ էլ փորձաքննություն նշանակվում է: Դեռ պետք է ապացուցել, որ Վրույր Բարսեղյանն արարքը գործելու պահին եղել է անմեղսունակ»,- ասաց փաստաբանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր