00:00:00

Խիստ դատապարտելի է Մնացական Մարտիրոսյանի ներառումը կոռուպցիոն քննություն կատարող դատավորների կազմում

16:10, 24 նոյեմբեր 2022 Հասարակություն

«2022 թվականի նոյեմբերի 21-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուից դատավոր է ընտրվել է Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, խիստ անընդունելի և դատապարտելի ենք համարում Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացնող դատավորների կազմում դատավոր Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը:

Մնացական Մարտիրոսյանը հայտնի է որպես քաղաքական հնչեղ գործերով ներգրավված դատավոր, ում դատավճիռներով դատապարտվել են քաղաքական բանտարկյալներ, որոնց թվում են՝ 2008թ. մարտի 1-ից հետո «7»-ի գործով դատապարտված Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը և այլ անձինք:

2006թ.-ին Մնացական Մարտիրոսյանի վճռով է ազատազրկման դատապարտվել ընդդիմադիր գործունեություն իրականացնող, այդ ժամանակ «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, 2007թ.-ին Ժիրայր Սեֆիլյանը, 2017թ.-ին Գևորգ Սաֆարյանը և այլ անձինք:

Մնացական Մարտիրոսյանը քննել է նաև 2001թ. Պողոս Պողոսյանի սպանության դեպքի վերաբերյալ քրեական գործը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով հաստատվել են հիմնարար իրավունքների խախտումները և քաղաքական հետապնդման փաստը, որոնց արդյունքում նրանցից ոմանք տարիներ անց արդարացվել են Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից:

Այս համատեքստում Մնացական Մարտիրոսյանի՝ բացառապես քաղաքական կլանային շահերին սպասարկող գործունեությունը խաթարել է ոչ միայն արդարադատության ընկալումը ու վնասել Հայաստանի դատական իշխանության հեղինակությունն ու հանրային վստահությունը, այլև նյութական վնաս է պատճառել Հայաստանի Հանրապետությանը:

Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից նման վարկանիշ ունեցող դատավորին հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում ընտրելը խեղաթյուրում է պետության հակակոռուպցիոն քաղաքականությունը և խորացնում է դատական համակարգի նկատմամբ տիրող անվստահությունը։

Նման ընտրությունը ուղղակիորեն հակասում է 2018 թվականի Թավշյա հեղափոխության արժեքներին ու արժեքային ընտրությանը՝ հաշվի առնելով, որ Հայաստանում համաժողովրդական շարժումը արդարադատության արատավոր բարքերի, կոռուպցիայի և հալածանքների դեմ էր։ Նմանատիպ ընտրությունը դեմ է Հայաստանի ժողովրդավարացման օրակարգին և հետեւանք է Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից վեթինգի ու անցումային արդարադատության տապալման, որոնց իրականացման անհրաժեշտությունը բազմիցս բարձրաձայնվել և հիմնավորվել է քաղաքացիական հասարակության և իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից:

Ժողովրդավարության զարգացումը Հայաստանում մեր քաղաքական կապիտալն է, որի շնորհիվ է նաև, որ մի շարք արևմտյան երկրներ և կառույցներ ներգրավվում են Հայաստանի անվտանգության հարցերում: Դրա բացակայության պայմաններում խնդիրներ ենք ստեղծում նաև մեր երկրի անվտանգության շուրջ:

Սույնով նաև ստիպված ենք արձանագրել, որ Բարձրագույն Դատական Խորհուրդը ամբողջությամբ անտեսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ու իր իսկ կողմից որպես ազգային փորձագետ ներգրավված «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցչի` թեկնածուների բարեվարքության եզրակացությունները։

Բարեվարքության բացասական եզրակացություն ստացած թեկնածուի նշանակումը վկայում է ԲԴԽ անդամների մեծամասնության կողմից հակակոռուպցիոն այդ կարևոր գործիքի անտեսման մասին: Մնացական Մարտիրոսյանի վերջնական նշանակման պարագայում ստիպված կլինենք վերագնահատել բարեվարքության ստուգման գործընթացում քաղաքացիական հասարակության, ի դեմս «Իրազեկ քաղաքացիների միավորման», ներկայացուցչի մասնակցությունը։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խստորեն դատապարտում ենք Բարձրագույն դատական խորհրդի կողմից Մնացական Մարտիրոսյանի հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում ընտրությունը: Այդ նպատակով պահանջում ենք Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանից՝ չնշանակել Մնացական Մարտիրոսյանին կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի պաշտոնում և նրա թեկնածությունը առարկություններով վերադարձնել Բարձրագույն դատական խորհրդին»:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր