Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում փոփոխություն կատարեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում, որով նախատեսվում է ստեղծել Ներգին գործերի նախարարություն:
Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը ներկայացնելով փաթեթը, նշեց. «Նոր նախարարության ստեղծումը թույլ կտա ապահովել ոստիկանության ոլորտի թե խորհրդարանական, թե հասարակական վերահսկողություն,ինչպես նաեւ այն կդառնա ոլորտում բարեփոխումներ իրականացնողն ու պատասխանատուն: ՆԳՆ-ն իր մեջ ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ ոստիկանություն, փրկարար ծառայություն եւ միգրացիայի ու քաղաքացիության ծառայություն:
Նախարարությունում կկենտրոնացվի 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում եւ բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա եւ քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում եւ հումանիտար հարցեր»:
Նրա խոսքով, ծառայությունների ղեկավարները նշանակվելու են ՀՀ վարչապետի կողմից, տեղակալները՝ ՆԳ նախարարի առաջարկությամբ՝ նշանակվելու ու ազատվելու են կրկին վարչապետի կողմից։
Նախատեսվում է դադարեցնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը. անցումային փուլ նախատեսվել է մինչև չորս ամիս ժամկետ։ Այդ 4 ամսում կառավարության կազմում նախարարների թիվը կլինի 13, որից հետո նորից կվերադառնան 12 նախարարի սկզբունքին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր համարեց նախագծի ընդունումը. «Այս փոփոխության հեռանկարային իմաստը նոր ստանդարտի Ոստիկանություն ու նոր ստանդարտի Փրկարար ծառայություն ունենալն է, սա է մեր ամենակարևոր խնդիրը, որը հետապնդում ենք։ Իրականում, այս հարցի վերաբերյալ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, էական ու լրջագույն փոփոխություններ են տեղի ունենալու», - նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է միշտ ձգտի բոլոր ոլորտներում լինել լավագույն սանդղակներում. «Մենք պետք է շատ բարձր նշաձողեր սահմանենք մեզ համար», - ընդգծեց Փաշինյանը։
Կարգավորումներով՝ ՀՀ ոստիկանության պետը կլինի Ներքին գործերի նախարարի տեղակալ, նաև՝ Անվտանգության խորհրդի անդամ։