Հայաստանի պատվիրակները ևս երեք մեդալ են նվաճել Անթալիայում այսօր ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում։
Մինչեւ 18 տարեկան տղաների առաջնությանը մասնակցած Մամիկոն Ղարիբյանը վերջին տուրում ոչ-ոքի խաղալով ադրբեջանցի Խազար Բաբազադայի հետ, վաստակել է 6,5 միավոր և բաժանել 3-8-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով մեր շախմատիստը դարձել է բրոնզե մեդալակիր։
Մրցանակային տեղեր են գրավել նաև 14-ամյա Բենիկ Աղասարովը և 16-ամյա Էմին Օհանյանը։ Առաջինը վերջին տուրում հաղթել է իսրայելցի մրցակցին և վաստակել 7 միավոր։ Նա շրջանցել է միանգամից հինգ մրցակցիների և բարձրացել է 3-րդ հորիզոնական։
Էմին Օհանյանը, որը չեմպիոնի կոչման հավակնորդներից մեկն էր, 9-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Ալեքսեյ Գրեբնևի հետ և երկու շախմատիստների հետ բաժանել 2-4-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով նա ճանաչվել է երրորդը։
Այդպիսով, Հայաստանի պատանի շախմատիստները Եվրոպայի առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճել են 4 մեդալ՝ 1 ոսկի, 3՝ բրոնզ։ Հիշեցնենք, որ երեկ Մարիամ Մկրտչյանը նախապես դարձել էր մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն։