ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․
«Արցախ կատարած այցից հետո հանդիպեցի ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան` Ն. Գ. պարոն Սերգեյ Կոպիրկինին: Մեր ռազմավարական դաշնակից պետության դեսպանի հետ քննարկեցինք հայկական երկու հանրապետություններին՝ Հայաստանին եւ Արցախին պատուհասած վտանգները: Անհանգստացնող երեւույթները, ցավոք, շարունակաբար ավելանում են:
Ականատեսի աչքերով ներկայացրի Արցախի ժողովրդի առօրյա անհանգստությունները, քանի որ օրեր առաջ եմ վերադարձել Արցախի Հանրապետությունից: Մարդիկ այնտեղ հստակ ունեն մեկ պայման ու պահանջ. ռուս խաղաղապահները պետք է շարունակեն մնալ ներկայացված Արցախի Հանրապետության տարածքում: Նրանց առաքելության ժամկետի երկարաձգումը խիստ անհրաժեշտություն է՝ արցախահայության կյանքի իրավունքի իրացման տեսանկյունից:
Դեսպանի ուշադրությունը հրավիրեցի նաև ՀՀ սահմաններում առկա իրավիճակին առ այն, որ ադրբեջանական զինուժի կողմից շարունակվում է ՀՀ սուվերեն տարածքի մի շարք հատվածների ապօրինի բռնազավթումը։ Միաժամանակ ընդգծեցի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինները վերադարձնելուց չարամտորեն հրաժարվելու՝ Ադրբեջանի վարքագծի անթույլատրելիությունը։ Դեռ ունենք անթաղ դիեր:
Քննարկեցինք նաեւ ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների եւ ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների իրավունքներին առնչվող տարաբնույթ հարցեր»: