Irakanum.am-ի տեղեկություններով հրաժարական է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը։ Սարգսյանի՝ հրաժարականի պատճառը ՔՊ վարչության անդամների ընտրության ժամանակ արձանագրված կեղծիքն էր։ Հիշեցնենք, որ Քաղպայմանագիր կուսակցության համագումարում տեղի ունեցած ընտրությունները կասկածի տեղիք էին տվել եւ կուսակցության վարչության անդամության թեկնածուները պահանջել էին վերահաշվարկ անել՝ նորից հաշվել ամեն մեկի ստացած քվեները։ Հատկապես դժգոհ էր եղել Արսեն Թորոսյանը, ով 10 ձայնով է դուրս մնացել վարչությունից։
Երկար վեճերից հետո որոշեցին վերահաշվարկ անել։ Ավելի պակաս ձայների տարբերությամբ չէր անցել նաեւ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Վերահաշվարկից հետո պարզվել էր, որ կասկածները հիմնավոր են։ Արդյունքում Հայկ Կոնջորյանը եւ Համբարձում Մաթեւոսյանը չեն անցել վարչություն, իսկ Արմեն Փամբուխչյանը եւ Արսեն Թորոսյանն անցել են։
Մենք նաև տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր ունեցել վարչության անդամների հետ և այս հարցը խիստ քննարկվել էր։ Այսօր արդեն Փաշինյանը հայտարարեց, թե ստանձնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահի պաշտոնը։
Իշխանական աղբյուրների փոխանցմամբ միայն Տրդատ Սարգսյանի հրաժարականով այս ամենը չի հանդարտվի։ Մամուլում հրապարակումներ կան, որ որոշ ՔՊ-ականներ պահանջում են նաև Արփի Դավոյանի հրաժարականը։ Նա է համագումարի կազմակերպչական հարցերով զբաղվել։
Irakanum.am