Միասնության հանրահավաքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթի հիմնական ուղերձները:
- Հայաստանը պետք է խուսափի վերահաս կապիտուլյացիայից,
- Հայաստանը չպետք է գնա նոր զիջումների և կորուստների ճանապարհով, Հայաստանը պետք է պահպանի իր ինքնիշխանությունը,
- Արցախը չպետք է հայաթափվի,
- մայր Հայաստանը պատրաստ է պաշտպանել ինքն իրեն և իր զավակին` Արցախին։
- Ապագայի հզոր հայկական պետություն ունենալու առաջին քայլը այսօր կապիտուլյացիայի կանխումն է, իսկ կապիտուլյացիան բացառելու առաջին քայլը մեր բոլոր ուժերի համախմբումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումը։
- Մեկ հոգին չի կարող որոշել ողջ ժողովրդի, միլիոնավոր մարդկանց, մեր ընտանիքների ու մեր հայրենիքի ճակատագիրը։ Մեկ հոգին չի կարող որոշել ներկա և գալիք սերունդների ճակատագիրը։
- Այս հավաքի յուրաքանչյուր մասնակից հստակ ուղերձ է հղում արտաքին աշխարհին՝ բարեկամներին, միջնորդներին ու բոլոր հարևաններին. Հայաստանը ողջունում է միջնորդների ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Հայաստանը պատրաստ է քննարկել բոլոր բարդ հարցերը; Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների, կոնկերտ լուծումների։Բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման և հայրենազրկման գնով։
- Չի կարող ստորագրվել և վավերացվել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Դա պատռվելու է մեր կողմից, և իշխանափոխությունից հետո հայտարարվելու է առոչինչ:
- Միջազգային հանրությունը պետք է լավ հասկանա,որ Նիկոլը Հայաստանը չէ, Նիկոլը հայ ժողովուրդը չէ, Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կամքը արտահայտողը չէ:
- Իրական խաղաղության հասնելու համար նախ պետք է ապահովել երկրի պաշտպանությունն և անվտանգությունը։ Առանց դրա մնացածը ազգային նվաստացում է և նոր կապիտուլյացիա:
- Կապիտուլյացիան կարող ենք կանխել ՝ միայն ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ դրոշով համահայկական զարթոնքի ալիք բարձրացնելով։Եւ որպես կարևոր հանգրվան՝ Ազգային իշխանություն ձևավորելով:
- Ինչ պետք է անի ազգային իշխանությունը և ինչպես. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնում, համահայկական զորաշարժի իրականացում, պաշտպանության եւ անվտանգության հրատապ խնդիրների լուծում, կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցության ապահովում:
- Մեզ առաջիկայում սպասվում են շրջադարձային իրադարձություններ. իրադարձություններ, որոնք որոշելու են մեր լինել-չլինելու հարցը։
- Հայաստանի ազգային ուժերը հասկանում են պահի օրհասականությունը և ունեն կամք ու պատասխանատվություն կանխելու վերահաս կապիտուլյացիան։
- Դուք մեզ տվել եք Արցախը և ՀայաստանիՀանրապետությունը պաշտպանելու մանդատ, մենք դա անում ենք, կամքի և վճռականության պակաս չունենք,բայց վերջնական հաղթանակին հասնելու համար մեզ պետք է նաև փողոցում ու հրապարակներում հավաքված մարդկանց անհաղթահարելի ուժը։ Այդ ուժը պահովելու է ազգային իշխանության ձևավորումը։ Մենք հստակ պատկերացնում ենք, թե ինչպես պետք է արվի դա: Մենք հիմա խնդիր ունենք անհրաժեշտ եւ բավարար պայմաններ ապահովելու և առանց ցնցումների համաժողովրդական պոռթկումով, ճիշտ պահին ազատագրելու մեր երկիրը:
- Ոչ մի թղթի կտոր չի երաշխավորելու մեր ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը, խաղաղ ու արժանապատիվ ապրելու մեր իրավունքը։ Ոչ մի երկիր պարտավոր չէ եւ չի պաշտպանելու մեզ, եթե ինքներս մեզ չպաշտպանենք։ Ոչ մի դաշնակից մեր շահերը չի պաշտպանի, եթե մենք ինքներս այդ շահերը չենք գիտակցում։