«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց՝ Արցախն ու Հայաստանն աշխարհին ուղերձ են հղում՝ հայ ժողովուրդը երբեք չի ընդունի որևէ լուծում, որը կասկածի տակ կդնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
«Շատ կարևոր է, որ աշխարհը հասկանա հետևյալ միտքը՝ կիրակի օրը Արցախի Վերածննդի հրապարակում ու այսօր այստեղ՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդիկ պարզ, հստակ ասում են, որ մենք երբեք չենք ընդունի որևէ լուծում, որը կասկածի տակ կդնի Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման իրավունքը», - ասաց Հայկ Մամիջանյանը։
Նա նաև նշեց՝ Արցախն օգնության կոչ է ուղղում նաև մայր Հայաստանին ու ակնկալում, որ մայր Հայաստանը կկանգնի իր կողքին այնպես, ինչպես արել է միշտ։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը շեշտեց նաև՝ Հայաստանի անունից բանակցողը պետք է փոխվի, քանի որ այդ դեպքում հնարավոր է խուսափել նրա բանավոր տված խոստումներից, դրանց հետևանքներից ու նոր պրոցես սկսել։
«Ինչ կտա հիմնական բանակցողի փոփոխությունը․ առաջինը՝ կտա այն, որ մեր երկիրը էլ կրակը չի ընկած լինի դրա բանավոր խոստումների ու բանավոր հրամանների ձեռքը։ Մենք կկարողանանք նոր բանակցային գործընթաց սկսել։
Եթե հիմնական բանակցողը փոխվի, մենք կազատվենք այն էակից, որը Սյունիքի հայկական գյուղերը անվանում է «ադրբեջանական»։
Եթե հիմնական բանակցողը փոխվի, այլ երրների ղեկավարներն էլ չեն համարձակվի մեր երկրի հետ խոսել այն լեզվով, որով սկսել են խոսել սրա օրոք»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հավելեց՝ աշխարհը պետք է նաև հասկանա, որ Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի անունից։