00:00:00

Հանճարս գնաց․ մայրը զոհված 19-ամյա որդու անունով տուն- թանգարան է հիմնել

00:53, 23 հոկտեմբեր 2022 Տեսանյութեր

Տիկին Սյուզաննան է՝ որդու մեծադիր լուսանկարի առջև նստած։ Ու այսպես ամեն օր, օրվա մեծ մասը Սյուզաննա Վարդանյանն անցկացնում է այստեղ՝ հերոս որդու, իր ավագ տղայի՝ Նորայր Սողոմոնյանի տուն- թանգարանում։ Որդու զոհվելուց հետո են այն կառուցել։ Նորայր Սողոմոնյանը 44 –օրյա պատերազմի առաջին զոհերից է եղել, զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, պատերազմի առաջին օրը՝ Ջրականում։ Վերջին զրույցը մոր՝ տիկին Սյուզաննայի հետ եղել է պատերազմի երեկոյան, որդու ձայնը տխուր է եղել, ու սովորության համաձայն 19 –ամյա Նորայրը նույն ոգևորությամբ մորը չի ասել, թե վաղն էլ կզանգի, կանխազգացել է գուցե վաղն այլևս չգա։

Մանկուց աշխույժ, բարի ու տաղանդավոր է եղել Նորայր Սողոմոնյանը, պատմում է մայրը, հավելելով՝ որդիս դեռ փոքրուց հայրենասեր է եղել։ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ 16 տարեկան է եղել, տպավորված է եղել հերոս քաջորդինեչի գործած սխրագործություններով, բայց հատկապես Ռոբերտ Աբաջյանի ու նրա լուսանկարն է նկարել, որը իր տեղն է գտել Արտաբույնք համայնքի դպրոցում։ Աբաջյանին չէր ճանաչում, բայց խոսք էր տվել վրեժ կլուծի։

Նորայր Սողոմոնյանը  դպրոցում շատ լավ է սովորել, հետո ընդունվել Եղեգնաձորի  գեղարվեստի դպրոց, գեղանկարչության բաժին։ Տուն- թանգարանում Նորայրի նկարներն են, անձնական իրերը, տարիների պատմությունը մայրը հավաքագրել է մեկ վայրում։ Տուն- թանգարանը Նորայրի տան բակում է, մինչ բանակ զորակոչվելը ասել էր, վերադառնալուց հետո այն վերածելու է արվեստանոցի, ցավոք պատերազմը մեկընդմիշտ բաժանեց տիկին Սյուզաննային իր ավագ որդուց։ Մեկ տարի շարունակ փնտրել են Նորայրին, եղել բոլոր դիահերձարաններում։

Տուն- թանգարանը կառուցել են պետության կողմից ընտանիքին տրված դրամական փոխհատուցման միջոցով։ Մայրն ասում է, գումարը որեւէ նպատակով չէին կարող ծախսել, բացի այս տուն- թանգարանը կառուցելու։ 7 տարվա լուսանկարներից, մինչև առաջին քանդակներն ու անձնական իրերը, տիկին Սյուզաննան խնամքով դասավորել է Նորայրի իրերն ու այն ամեն ինչ կապված է եղել որդու հետ։

Սա էլ Նորայր կրտսեր եղբոր անավարտ լուսանկարն է։ Տարոնը 16 տարեկան է, մեկ րոպե անգամ մոր կողքից հեռու չի գնում, օգնում է նրան բոլոր հարցերում։ Ասում է եղբոր հետ հաճախ էին կռվում, կարոտել է իրենց վեճերին ու բոլոր զրույցներին։ Տուն- թանգարանում տեղ գտած այս նկարն էլ եղբայրն արել էր երբ հերթական անգամ կռվել էին ու Տարոնը նեղացած մի անկյունում նստել էր, Նորայրն էլ խոստացել է նկարն ավարտին հասցնել զորացրվելուց հետո։

Նորայր Սողոմոնյանի անվան տուն- թանգարանի դռները միշտ բաց են, գալիս են ոչ միայն համայնքի ու հարակից գյուղերի բնակիչները, այլև տարբեր մարզերից, խոնարհվում հերոս քաջորդու առաջ, մայրն էլ հպարտությամբ պատմում է Նորայրի մասին, հանճարս գնաց, հիմա բոլորն են գալիս ասում է տիկին Սյուզաննան։ Ինքն իրեն խոստացել է տղայի բոլոր երազանքներն իրականացնելու, չնայած, որ Նորայրը նպատակների ու ծրագրերի մասին շատ չի խոսել։

Ծածանվող եռագույնը դրսում, 19-ամյա զինվորի մեծադիր լուսանկարը, անձնական իրերն ու ստեղծագործ աշխատանքները ամփոփված են մեկ վայրում՝ Նորայր Սողոմոնյանի տուն- թանգարանում։ Դռները միշտ բաց են, տիկին Սյուզաննան հերթով հյուրընկալում է բոլորին, ուղեկցում թանգարանով ու բոլորի հեռանալուց հետո դարձյալ նստում նույն տեղում, խոսում որդու հետ ու ծրագրում՝ հաջորդիվ իրականացնելու է տղայի մյուս նպատակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր