«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից առաջ Էրլինգ Հոլանդին անվանել է համաշխարհային ֆուտբոլի լավագույն հարձակվող։
Նորվեգացին բոլոր մրցաշարերում «Քաղաքաբնակների» կազմում անցկացրած 13 խաղում արդեն 20 գոլ է խփել։
«Նա, հավանաբար, աշխարհի լավագույն հարձակվողն է, ուստի մենք պետք է այնպես անենք, որ նա շատ գնդակներ չստանա: Սա այն է, ինչ մենք կփորձենք անել։ Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, եթե Հոլանդին փակում ես ավելի շատ խաղացողներով, դու տարածք ես բացում համաշխարհային մակարդակի այլ խաղացողների համար: Դա բոլորովին չի հեշտացնում կյանքը։
Ե՞րբ առաջին անգամ նկատեցի Հոլանդին: Երբ խաղում էինք «Զալցբուրգի» դեմ։ Նույնիսկ երբ նա բավականին երիտասարդ էր, կարելի էր տեսնել նրա ներուժը։
Նա ունի ֆիզիկական և տեխնիկական որակների համադրություն։ «Ման․Սիթիում» նրա կողքին կան բարձրակարգ խաղացողներ, ովքեր գիտեն, թե ինչպես ստեղծել գոլային պահեր նրա համար: Սա իդեալական տարբերակ է։ Նա նաև շատ խելացի է տեղաշարժվում խաղադաշտում: Արագությունը պետք է խելամտորեն օգտագործվի։ Հմտությունների այս բոլոր համակցությունները նրան առանձնահատուկ են դարձնում»,- Կլոպին է մեջբերում Daily Mail-ը։
Հոկտեմբերի 16-ին «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» կհանդիպեն «Էնֆիլդում»: