Նիկոլ Փաշինյանն Արցախը դիտարկում է որպես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հայրենիք, և հավասարապես ատում է նրան, բայց մենք հիմա չենք կարող արցախցուն մենակ թողնել: Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով՝ եթե Արցախին թողնում ենք, որ մենակ բանակցի Ադրբեջանի հետ, ապա պետք է, նախ, ճանաչենք Արցախի անկախությունը։
«Իսկ հիմա, եթե մի հոգի չի ուզում Արցախի անունից հանդես գալ, դա չի նշանակում, որ ամբողջ ՀՀ-ն հրաժարվում է Արցախից։ Սա անթույլատրելի է։ Կարծում եմ՝ ինչ-որ պահի կարող ենք վերջ տալ այս նկրտումներին։ Լավ, սահմանը պահելու ռեսուրս չկա, բա դիվանագիտական ճանապա՞րհը։ Ինչո՞ւ Թուրքիայի հարցում բանագնաց կարող ենք նշանակել, Արցախի հարցում չենք կարո՞ղ»,- ասաց նա։
Թովմասյանը նշեց, որ Արցախում ապրող 120-130 հազար քաղաքացուն իրավունք չկա բախտի քմահաճույքին թողնելու։
Դիտարկմանը, որ Երևանում է Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը, արդյո՞ք հանդիպումներ նախատեսվում են, Թովմասյանն արձագանքեց՝ ասելով, որ ինքը պարբերաբար հանդիպումներ ունենում է Արցախի քաղաքական իշխանության հետ։
«Մենք պատմական առումով բարդագույն ժամանակաշրջանում ենք, ու սիրողական մակարդակով ասել՝ սա հնարավոր է, նա հնարավոր չէ, ճիշտ չէ։ Պետք է հասկանալ, որ Արցախը միայն Քոչարյանի ու Սարգսյանի հայրենիքը չէ, որ իշխանությունը փորձում է անընդհատ ատելություն գեներացնել։ Արցախը մեզ համար բարձրագույն արժեք է։ Իսկ Արցախի նախագահն, իմ կարծիքով, պետք է բացատրություններով հանդես գա։ Հիմա Արցախում ապրելով էլ իրենք ապացուցում են, որ այն հայկական է»,- նշեց նա։