00:00:00

«Պետք է գնամ, իմ զինվորներն ինձ են սպասում». ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել է 33–ամյա Հրանտ Եղիազարյանը

12:31, 10 հոկտեմբեր 2022 Հասարակություն

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է Զինված ուժերի սպա, ավագ լեյտենանտ Հրանտ Նորայրի Եղիազարյանը։

 

33–ամյա Հրանտ Եղիազարյանը Արագածոտնի մարզի Արագածավան բնակավայրից էր։ Նա սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը եւ ծառայության անցել Հայաստանի Զինված ուժերում։ Հրանտը երկար տարիներ ծառայել է Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում, ապա տեղափոխվել Կապան։

 

 

«Հրանտը վաշտի հրամանատար էր։ Սեպտեմբերի 12-ին նա հանձնում–ընդունում էր արել ու դիրքերից իջել տուն։ Կեսգիշերին մոտ, երբ կռիվը սկսվել է, Հրանտն իմացել է, որ վիրավորների հետեւից գնացող շտապօգնության մեքենան թիրախավորվել է թշնամու կողմից։ Ինքը կապ է հաստատել իր վերադասի հետ եւ կռվով–դավով համոզել, որ պետք է գնա դիրքերում գտնվող իր զինվորների հետեւից։ Ասել է՝ «ես պետք է գնամ, իմ երեխեքն ինձ են սպասում, ես պետք է հասնեմ իրենց»։ Ճանապարհին, սակայն, իրենց մեքենան արկի պայթյունից վնասվել է։ Հրանտի ոտքը լուրջ վնասվածք է ստացել, փրկված տղաներից մեզ պատմեցին, որ ինքը էդ վիճակում կռվել է, ամեն ինչ արել է, որ հասնի իր զինվորներին։ Հրանտը զոհվել է հենց էդ մարտերի ժամանակ»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նրա հարազատներից՝ Ժենյան։

 

Հրանտից հարազատները լուր չունեին սեպտեմբերի 13–ից։ Նա անհետ կորած էր համարվում։ Սեպտեմբերի վերջին նրա աճյունը դուրս է բերվել Կարմիր Խաչի միջազգային կազմակեպության միջնորդության շնորհիվ։ Հրանտին հուղարկավորել են հոկտեմբերի 7–ին, Արագածավանի զինվորական պանթեոնում։

 

Հրանտ Եղիազարյանը ամուսնացած էր, ունի 2–ամյա դուստր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր