ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Մինչ հանրության ուշադրությունը կենտրոնացած է Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային ծանրագույն վիճակի վրա, իշխանություններն, օգտվելով այդ հանգամանքից, արձանագրեցին ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը:
Անցնող շաբաթվա ընթացքում սահմանադրական անկախ մարմինների ղեկավար պաշտոններում ընտրվել են օրվա իշխանությունների հետ ուղղակի փոխկապակցված անձինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և Բարձրագույն դատական խորհրդում:
Ժողովրդավարության սկզբունքի հստակ պահանջներից է բխում, որ նման կառույցները պետք է համալրվեն իրապես անկախ, արհեստավարժ ու քաղաքականապես չեզոք թեկնածուներով: Չնայած այս պահանջներին՝ մեկ քաղաքական միավոր առաջադրեց ու ընտրեց հենց նույն քաղաքական միավորի անդամների ձևական ընթացակարգով, նախքան ընտրությունն էլ ապահովելով անկուսակցականի կարգավիճակը:
Հատկանշական է, որ ԿԸՀ նախագահ է ընտրվել այն անձը, ով օրվա իշխանությունների ներկայացուցիչ է հանդես եկել 2021 թվականի արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ում և կուսակցության ակտիվ անդամ է եղել, ինչը ԿԸՀ նախագահի պաշտոնի դեպքում աննախադեպ է:
Միաժամանակ ԲԴԽ նախագահը մի քանի ամիս առաջ ընտրվել էր իշխող կուսակցության ղեկավար պաշտոններից մեկում: Նման քաղաքականության իրացման նպատակն ակնհայտ է. անկախ սահմանադրական մարմինները ծառայեցնել մեկ քաղաքական միավորի շահերին և ամբողջությամբ խաթարել անկախության երաշխիքները:
Խիստ անհանգստացնող է, որ ժողովրդավարության այսպիսի նահանջի փաստերին որևէ կերպ չեն արձագանքել միջազգային կառույցները, որոնք հանդես էին գալիս ժողովրդավարական արժեքների պաշտպանությամբ մեր երկրում»։