Հայաստանում և նրա շուրջ տեղի են ունեցել արմատական փոփոխություններ. նման դիտարկում է արել իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Մեզանում շատերը, ցավոք, դեռ չեն գիտակցել, կամ միգուցե չեն ցանկանում գիտակցել, որ Հայաստանում և նրա շուրջ տեղի են ունեցել արմատական փոփոխություններ։
Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքի խոշոր հատվածներ բռնազավթված են թշնամու կողմից, լրջորեն խաթարված և կազմաքանդված է մեր անվտանգային համակարգը, մենք՝ որպես ազգ և պետություն, կանգնած ենք գոյութենական վտանգների ու մարտահրավերների առջև և այլն», - Facebook-ում գրել է նա։
Հետևաբար, ըստ Ոսկանյանի, նախկինի պես փողոցում պայմանական ծխուկ («բիչոկ») գցելու դեմ պայքարելու «օրակարգերը» այլևս ոչ մի հայաստանցի և հայ տրամաբանող անհատի ու խմբի չեն կարող նույնիսկ դույզն-ինչ հետաքրքիր լինել։
«Նման շփոթեցնող «խոսույթներն», ըստ իս, արգահատելի են և վնասակար, որովհետև դրանցով մեր ուշադրությունը փորձ է կատարվում շեղել նաև, միգուցե, հենց այս պահին ինչ-որ պիղծ բռնազավթչի՝ մեր իսկ սրբազան հողում մեր իսկ սրբի կամ նահատակի գերեզմանի վրա ծխուկ հանգցնելուց կամ թքելուց», - ընդգծել է իրանագետը։