Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը Ստամբուլում մասնակցել է Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված երկօրյա համաժողովին՝ ուղղված միգրացիոն տվյալների և հետազոտությունների ոլորտում կարողությունների զարգացմանը: Միջոցառումն ուղղված է եղել Հարավ-Արևելյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի (SEEECA) երկրներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի միգրացիոն ծառայությունից, ՄՄԿ մասնագետները ներկայացրել են միգրացիոն գործընթացներին առնչվող բոլոր հնարավոր տվյալների հավաքագրման և մշակման հնարավորություններն ու մեթոդոլոգիան: Բարձրաձայնվել են նաև տարածաշրջանում համեմատելի տվյալներ հավաքագրելու ոլորտում առկա խնդիրները և քննարկվել միգրացիոն վիճակագրական ցուցանիշները տարածաշրջանում ներդաշնակեցնելու հնարավորությունները: