Պնդումները, թե ստեղծված իրավիճակից ելք չկա, սուտ են, եւ այդպիսի հասարակական տրամադրությունների ձեւավորման նպատակը ամոթալի փաստաթղթերն ավելի հեշտ առաջ տանելն է։ Այս մասին հոկտեմբերի 6-ին քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա վստահություն հայտնեց, որ շատ կարճ ժամանակահատվածում կարելի է կտրուկ փոփոխությունների հասնել՝ հավելելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոչընդոտում է երկրում հիմնարար փոփոխություններին։
Աբրահամյանը պարզաբանեց, որ անգամ շփման գծում ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել բարձունքների, ճանապարհների, ռեսուրսների նկատմամբ, կարելի է բեկման հասնել։ «Զինված ուժերի տարբեր հատվածներում կան մարդիկ, ովքեր կարող են երկիրը դուրս բերել այս վիճակից։ Ադպիսի մարդիկ կան նաեւ համակարգից դուրս, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են միանալ։ Դիվանագիտությունը որոշվում է տվյալ երկրի զինված ուժերի վիճակով»,- նշեց պատգամավորը։