00:00:00

Վարչապետը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ քննարկել է նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը

16:35, 17 մայիս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Կողմերն անդրադարձել են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացմանը: Ջովաննի Ռուբինին նշել է, որ գրեթե 300 մլն դոլար գնահատվող ներդրումային ծրագրով նախատեսվում է 25-28 ամսվա ընթացքում կառուցել և շահագործման հանձնել 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայան: Ըստ պարոն Ռուբինիի՝ ներդրվելիք ժամանակակից համակարգերի արդյունքում հնարավոր կլինի արտադրել ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա: Ծրագիրն իրականացվելու է Siemens  ընկերության և միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ: «Պատրաստ ենք հնարավորինս արագ մեկնարկել ծրագրի իրականացումը: Շինարարության ընթացքում ակնկալվում է ստեղծել շուրջ 1000 նոր աշխատատեղ»,- ասել է «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներդրումային ծրագրի իրականացումը և ընդգծել. «Մենք շահագրգռված ենք նոր ներդրումների ներգրավմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ, ուստի հետաքրքրված ենք ներկայացված նախագծով»: Վարչապետն առաջարկել է ծրագիրն առաջ մղելու աշխատանքները կոորդինացնել համապատասխան գերատեսչությունների հետ: Զրուցակիցները հույս են հայտնել, որ ՀՀ կառավարության և իտալական ընկերության արդյունավետ համագործակցության արդյունքում հետագայում մեր երկրում կյանքի կկոչվեն նոր ներդրումային ծրագրեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր