Մի խոսակցության ժամանակ ասվեց՝ ՀԱՊԿ–ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ–ը կկորցնի Հայաստանը, բայց ես դրան արձագանքեցի հետեւյալ կերպ, ասելով, որ Հայաստանում հակառակ մտավախությունը կա, որ ՀԱՊԿ–ը դուրս կգա Հայաստանից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից, հաշվի առնելով հանրային լայն դժգոհությունները՝ ՀԱՊԿ–ի ոչ համաչափ արձագանքի հետ կապված։
«Վերջերս ՀԱՊԿ–ի մի շարք գործընկերների հետ շփումների արդյունքում արձանագրեցի, որ ՀԱՊԿ–ում նույնպես արձանագրվել է, որ Հայաստանում հանրային որոշակի տրամադրություններ են շատ արագ, մեծ քայլերով աճ ունեցել։ Նույնիսկ մի խոսակցության ժամանակ ասվեց, որ ՀԱՊԿ–ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ–ը կկորցնի Հայաստանը, բայց ես դրան արձագանքեցի հետեւյալ կերպ, ասելով, որ Հայաստանում հակառակ մտավախությունը կա, որ Հայաստանը կկորցնի ՀԱՊԿ–ին, մեկ այլ ձեւակերպմամբ ասում են, որ մտավախություն կա, թե Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից, ես հակառակը ձեւակերպեցի, ասելով՝ մտավախություն կա, որ ՀԱՊԿ–ը դուրս կգա Հայաստանից։ Իրականում սա ամենեւին բառախաղ չէ, սա շատ լուրջ բովանդակություն ունի, որովհետեւ ի վերջո եկեք չմոռանանք, որ ես հիմա ՀԱՊԿ–ի նախագահողն եմ, եւ ՀԱՊԿ–ի նախագահողը նույն անձի մեջ պետք է բացատրություններ ունենա Հայաստանի վարչապետին։ Դա շատ բարդ իրավիճակ է, եւ առաջին հայացքից բառախաղ թվացող ձեւակերպումներով, կարծում եմ ամբողջ պրոբլեմատիկան ձեւակերպեցի»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ից ակնկալում է իրավիճակի հստակ քաղաքական գնահատական։
«Աշխատանքային մակարդակով բազմիցս ՀԱՊԿ–ի ներսում խոսել եմ, բայց հիմա պատեհ առիթ է, հրապարակային կասեմ։ Երբ նախկինում ՀԱՊԿ–ի մեր գործընկերների հետ ունեցել ենք քննարկումներ՝ Հայաստանի անվտանգության վերաբերյալ, մենք շատ հստակ հավաստիացումներ ենք ստացել, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ–ի համար կարմիր գիծ է։ Նախորդ տարի, երբ տեղի ունեցավ Սոթք–Խոզնավարի իրադարձությունները, մենք դիմեցինք ՀԱՊԿ–ին, ստացանք տարօրինակ մի արձագանք, որ սահմանը դեմարկացված եւ դելիմիտացված չէ, այստեղ հարց ծագեց, բա կարմիր գիծը որտեղո՞վ էր անցնում, դեռ այն ժամանակ մենք հստակ ձեւակերպել ենք այս հարցի հստակ պատասխանի անհրաժեշտությունը, սա կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ՀԱՊԿ–ի համար, որովհետեւ ասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ չկա, որովհետեւ ՀԱՊԿ–ն ունի պատասխանատվություն գոտի, որը գծանշված է սահմաններով, եթե սահման չկա, ուրեմն չկա պատասխանատվության գոտի, եթե չկա պատասխանատվություն, ուրեմն չկա կազմակերպություն։
Բայց, օրինակ, Բելառուսի ու Ռուսաստանի միջեւ սահմանը դեմարկացված չէ, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ սահմանը դեմարկացված չէ, հիմա Ադրբեջանը երբ ասում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանը դեմարկացված չէ եւ սահմանային իրադրությունը այդ պատճառով է լարվում, դա նշանակում է, որ, օրինակ, տեսականորեն կարող է նաեւ Ադրբեջանը Ռուսաստանի, իսկ Ռուսաստանն էլ Ադրբեջանի տարածք ներխուժի, իսկ երբ ասեն, թե էս ինչ է կատարվում, ասեն՝ սահմանը դեմարկացված չէ»,– ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահման կա, որի կոորդինատները հայտնի են։ «Այդ սահմանները Խորհրդային միության ադմինիստրատիվ սահմաններն են, որոնք 1991 թվականի դեկտեմբերի 18–ի համաձայնագրով, որը վավերացրել է եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի խորհրդարանները։ Այդ գոյություն ունեցող սահմանները ճանաչվել են որպես պետական սահմաններ»,– ասաց Փաշինյանը։
Հարցին, թե ինքը որպես ՀԱՊԿ նախագահող ունի այն հարցի պատասխանը, թե ՀԱՊԿ–ը կֆիքսի՞ պատասխանատվության գոտին, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինքը հարցազրույց է տալիս որպես Հայաստանի վարչապետ եւ ոչ թե ՀԱՊԿ նախագահող։