Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի միջոցով անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային:
Քարդաշյանը «Սթորի» բաժնում կիսել է jkplatinum-ի գրառումը, որում ասվում է, որ մարդիկ կարող են սովորականի պես սկսել օրը. համբուրել երեխաներին և կնոջն ու գնալ աշխատանքի, սակայն, երեկոյան տուն վերադառնալով՝ ստիպված լինել վերցնել ընտանիքի անդամներին և հեռանալ՝ նրանց և սեփական կյանքը փրկելու համար:
«Պատկերացրեք՝ ստիպված եք դա անել՝ առանց ֆինանսական միջոցների, տրանսպորտի, առանց ռեսուրսների և որևէ օգնության: Հայաստանը ստիպված չէ պատկերացնել վերոնշյալ իրավիճակը, քանի որ երեկվանից այդ ամենը նրա համար իրականություն է: Եվ միակ նախազգուշացումը բնակիչների տան բակերում ընկած հրթիռներն են: Աղոթեք Հայաստանի համար»,-ասվում է գրառման մեջ: