Արդեն 31 տարի է անցել հերոսական այն օրից, երբ Մարտակերտի Վերին Հոռաթաղի և Հաթերքի կանայք փակեցին ադրբեջանական օմօնականների ճանապարհն ու պատանդ վերցրին:
Ինչպե՞ս է են մի խումբ կանայք խիզախել դուրս գալ Ադրբեջանի միլիցիայի մինչև ատամները զինված հատուկ ստորաբաժանման դեմ և ինչպես ընթացան դեպքերն այնուհետև:
Մի հարցին ի պատասխան՝ այդ հերոսական դրվագին մասնակից հոռաթաղցի կանայք մտովի տեղափոխվում են 1991 թվականի օգոստոսի 13-ի այն օրը, երբ գնացին ՕՄՕՆ-ի ճանապարհը կտրելու և ձեռնունայն չվերադարձան: Վերին Հոռաթաղի դպրոցի նախկին փոխտնօրեն Սվետլանա Լալայանը, իրենց թաղամասի կանանց հետ այդ օրը թոնրում հաց էր թխում:
« Դպրոցի նախկին տնօրեն Նաիրա Առստամյանը երեխա էր ուղարկել, որպեսզի ինձ ասեն, որ թաղի կանանց հավաքեմ և իջնենք գյուղից ներքև: Նա հայտնել էր, որ Հաթերքից երկու տղայի ՝ Սուրիկին և Ժորիկին, օմօնականները գերի են վերցրել և պետք է անպայման իջնենք ճանապարհ,կանգնեցնենք մեքենան՝ չթույլատրելով, որ տանեն տղաններին: Մենք էլ հացը թոնրում թողած շտապեցինք գյուղի ներքևով անցնող ճանապարհ: Այդ պահին «Վիլիս» մակնիշի մեքենա եկավ, որն իսկույն կանգնեցրինք: Ուղևորները 4-ն էին: Որոշեցինք պատանդ վերցնել»,- վերհիշում է Ս. Լալայանն ու ավելացնում, որ նույն օրը հաթերքցի կանայք էլ 27 զինվոր էին պատանդ վերցրել:
Գործողությանը մասնակցած հոռաթաղցի տիկին Նատաշայի ամուսինն այդ ժամանակ գերության մեջ էր, իսկ տանը սպասում էին 4 մանկահասակ երեխաներ:
«Տեսանք նաև «ՈՒրալ» մակնիշի մեքենա է մոտենում, կանգնեցրեցինք, ապա դուռը բացելով, հրամանատարի ձեռքից խլեցի ինքնաձիգը: Դրանից հետո մյուսներն արագ հանձնվեցին: Կանանցից մեկը հայտնեց, որ հրամանատարի գրպանում նռնակ կա, որից հետո ես նրա երկու գրպանից նռնակները հանեցի, իսկ նրա ենթականերին զինաթափեցին մեր խմբի մյուս կանայք: Արդյունքում պատանդ վերցրինք 11 զինվորի՝ խլելով նրանց ինքնաձիգները»,- ասում է տիկին Նատաշան՝ պատմելով, որ հաջորդ առավոտյան գյուղի վրա երկու ռմբակոծիչ ուղարկեցին:
«Հետո տեսանք, որ գյուղ է բարձրանում զինվորականների մի մեծ խումբ: Այս անգամ ճանապարհը փակեցինք կանանցով, երեխաներով և մեծահասակներով: Պարզվեց, որ զորք են ուղարկել գյուղը խուզարկելու և պատանդներին վերադարձնելու համար: Դե, մենք էլ փակեցինք ճանապարհն ու չթողեցինք, որ տանկերը գյուղ մտնեն և ձերբակալեն ինքնապաշտպանական ջոկատի մեր տղաներին: Կանանցից մեկը նույնիսկ գրկի երեխային կճմթեց, որպեսզի լացի, և զինվորականները մտածեն, թե վախենում ենք: Ռուս հրամանատարը հայտարարեց, որ մի քանի հոգով կմտնեն գյուղ: Շրջելուց հետո, ոչինչ չգտնելով, գնացին»,- հավելում է Ս. Լալայանը:
Հերոսական այս դրվագի մասնակիցները շատ էին, ցավոք, ոմանք կյանքից հեռացել են, ոմանք էլ՝ այժմ գյուղում չեն բնակվում, մինչդեռ հոռաթաղցիները ժամանակին որոշել էին ամեն տարի բոլոր մասնակիցներով ու գյուղացիներով օգոստոսի 13-ին հավաքվել և նշել որպես գյուղի օր: