«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, իրեն պատկանող ավտոպահեստամասերի խանութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով․
«Դեռևս լուր չառած ընկերներիս անհանգստությունը կանխելու նպատակով՝ տեղեկացնում եմ, որ անցած գիշեր մեր ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետի մոտ իրոք ուժգին պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով, բարեբախտաբար, կոտրվել է միայն պահեստային մասի դռան ապակին և վնասվել են կախովի LED լամպերը։
Ինչպես արդեն նշեցի, մենք պայթյունի հետ առնչվում ենք այնքանով, որ այն տեղի է ունեցել մեր խանութի հարևանությամբ, ոչ ոք չի տուժել և անհանգստանալու կարիք չկա։ Առիթից օգտվելով՝ տեղեկացնեմ նաև, որ մեզնից ավելի արագ են դեպքի վայր ժամանել Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները՝ բաժնի պետի գլխավորությամբ, Երևան քաղաքի ոստիկանաության վարչության աշխատակիցները՝ վարչության պետի տեղակալի ղեկավարությամբ և Ոստիկանության քրեական փորձաքննությունների վարչության փորձագետները։
Նրանց անհետաձգելի և արհեստավարժ աշխատանքը վստահություն է ներշնչում, որ արագ կբացահայտվի հանցագործությունը՝ կանխելով որոշ լրատվականների տենդագին հետաքրքրության և երևակայության թռիչքները»։