00:00:00

Վանաձորից հղին տեղափոխվել է Երեւան կայուն հեմոդինամիկ ցուցանիշներով. Վանաձորի ԲԿ–ն հակադարձում է

19:32, 26 օգոստոս 2022 Հասարակություն

Ի պատասխան վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածած հաղորդագրության, Վանաձորի բժշկական կենտրոնը պարզաբանումներ է ներկայացրել օգոստոսի 25-ին տեղի ունեցած ցավալի դեպքի՝ 20–ամյա ծննդկանի մահվան կապակցությամբ։

Վանաձորի բժշկական կենտրոնի հաղորդագրության մեջ նշվում է.

«Ի պատասխան վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածած հաղորդագրության, հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ պարզաբանումները:

Մահացած ծննդկան Մ. Գ.-ն ընդունվել է Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք օգոստոսի 22-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ուժեղ ցավերով: Անմիջապես իրականացվել են համապատասխան հետազոտություններ, կազմակերպվել են նաեւ նեղ-մասնագետների կոնսուլտացիաներ: Հղիի մոտ հաստատվել է աջակողմյան լումբոիշալգիա: Նեղ մասնագետների կողմից նշանակվել է համապատասխան բուժում:

Օգոստոսի 24-ին հղիի մոտ նկատվել են ցավեր կրծքավանդակի շրջանում, կրկին հրավիրվել են թերապեւտ, նյարդաբան, ցուցվել է կատարել մագնիսա-ռեզոնանսային հետազոտություն (MRT) հետազոտություն (Վանաձորի բժշկական կենտրոնում տվյալ հետազոտությունը չի իրականացվում):

Կապ է հաստատվել վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հետ, պայմանավորվածություն ձեռք բերվել ծննդկանին տեղափոխել իրենց մոտ, սակայն նշված կառույցից ժամեր անց առաջարկել են ծննդկանին տեղափոխել հաջորդ օրը, այսինքն երեկ՝ օգոստոսի 25-ին:

Տեղափոխման ժամանակ հղիի ճնշումը եղել է 90/60, սատուրացիան՝ 97: Հղիի վիճակը, մինչ շտապօգնության մեքենան նստեցվելը, գնահատվել է շտապօգնության բժշկի կողմից: Կայուն հեմոդինամիկ ցուցանիշներով հղին տեղափոխվել է Երեւան: Եթե կինը լիներ անգիտակից կամ այնպիսի վիճակում, ինչպես նշված է վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ, ապա միանշանակ հղին այդ վիճակում չէր ճանապարհվի Երեւան:

Ճանապարհին հղիին ընդունած մանկաբարձ-գինեկոլոգ Ռուզաննա Վանյանը կապ է հաստատել շտապօգնության բժշկի հետ: Շտապօգնության մեքենայի մեջ կնոջ գիտակցությունն ու խոսքը տեղն է եղել: Կնոջ վիճակը կտրուկ վատացել է վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ընդունարանում, միանգամից տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ կարճ ժամանակ անց արձանագրվել է հղիի մահը:

Խորապես ցավակցելով մահացած կնոջ հարազատներին ու մտերիմներին, հիշեցնում ենք, որ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննության ավարտին բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր