00:00:00

Համերգների ընթացքում չի հնչում «Մեղավորները» երգի cover-ը, քանի որ Արա Մարտիրոսյանը չի ուզում՝ իր երգերը կատարեմ․ ես հարգում եմ նրա որոշումը

14:29, 26 օգոստոս 2022 Տեսանյութեր

Հանդիսատեսին առավելապես իր cover-ներով հայտնի երիտասարդ երգիչ Վարդան Խաչատրյանն այսօր մենահամերգ է ունենալու Հին Արենի մյուզիք հոլում։ Հնչելու են Վարդան Խաչատրյանի յուրահատուկ cover-ները։ Երգիչը վստահ է՝ անկեղծ էմոցիաներով, դրական էներգիայով լի օր է լինելու։ Ի դեպ, նա առաջիկայում նոր տեսահոլովակ է ներկայացնելու։ Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին, ի դեպ, երգի հեղինակը հենց երգիչն է։    «Իմ կատարած երգերը հիմնականում այսպես ասած՝ տխուր բովանդակություն ունեցող, սիրո մասին պատմող երգեր են, սակայն այս անգամ ապրող, երջանիկ սիրո մասին է լինելու երգս։ Տեսահոլովակը նկարահանելու է Եղիշե Սողոմոնյանը», — MegaNews.am-ի հետ զրույցում պատմեց Վարդան Խաչատրյանը։ Ինչպես հայտնի է, Վարդան Խաչատրյանը միանգամից հանդիսատեսի ուշադրությունը գրավեց իր «Մեղավորները»  cover-ով, որը կարճ ժամանակում հարյուր հազարավոր դիտումներ ունեցավ։  Ինսթագրամում օգտատերերը տարածում էին ու դրական կարծիքներ գրում այս երգի մասին։ Երգիչ Արա Մարտիրոսյանի այս երգի cover-ից հետո հանդիսատեսը սպասում է, որ  Վարդան Խաչատրյանի համերգների ընթացքում կհնչեն նաև  «Մեղավորները» երգի cover տարբերակը, սակայն երգիչն այլ երգեր է ներկայացնում, տվյալ երգը չի հնչում։ Հարցին՝ չէ՞ որ Ձեզ ավելի լայն ճանաչում բերեց հենց «Մեղավորները» երգի cover-ը, այդ դեպքում ինչո՞ւ Ձեր մենահամերգների ընթացքում չի հնչում այդ երգը, Վարդան Խաչատրյանը պատասխանեց․ «Արա Մարտիրոսյանը չի ցանկանում, որ իմ համերգային ծրագրերում լինեն իր երգերը։ Ես, իհարկե, հարգում եմ երգչի այս որոշումը։ Ինձ համար ոգևորիչ էր այն, որ  Արա Մարտիրոսյանն իր մենահամերգի ժամանակ անդրադարձել էր փաստին, որ ես կատարում եմ իր «Մեղավորները» երգի cover տարբերակը»։ Վարդան Խաչատրյանն ընդգծեց՝ առաջիկայում ներկայացնելու են  նոր cover-ներ։ Երգերի ընտրության հարցում երգչի արվեստի երկրպագուները կարող են իրենց «լուման» ունենալ։ Քանի որ Վարդան Խաչատրյանը ջերմ ու անմիջական շփում ունի իր երկրպագուների հետ, երբեմն հենց նրանց  խորհրդով է ընտրում այն երգերը, որոնք էլ հետագայում ներկայացնում է cover տարբերակով։ «Ես աշխատում եմ պատասխանել ինձ ուղղված բոլոր նամակներին։ Համերգների ժամանակ ևս դահլիճում շփվում եմ հանդիսատեսի հետ, լսում ու կարևորում նրանց կարծիքները։ Իմ հանդիսատեսից մեծ էներգիա եմ ստանում, ես ինձ շատ հարազատ միջավայրում եմ զգում, իմ ամենաանկեղծ էմոցիաները ցույց տալիս։ Համերգներից հետո միշտ հանդիսատեսիս շնորհակալություն եմ հայտնում ինձ գեղեցիկ օր պարգևելու համար։ Ես, իսկապես, շատ լավ հանդիսապես ունեմ», — ասում է Վարդան Խաչատրյանը։  Կան արտիստներ, որոնք դրական արձագանք են տվել երիտասարդ երգչի ներկայացրած cover-ներին։ Վարդան Խաչատրյանն ասում է՝ այդ փաստը, միանշանակ ոգևորիչ է և պարտավորեցնող։ «Արման Հովհաննիսյանը, Անդրեն, Սոֆի Մխեյանը, Արսեն Սաֆարյանը դրական էին ընդունել իմ cover տարբերակներն ու տեղադրել ինսթագրամի իրենց էջերում՝ սթորի բաժնում։ Շատ շնորհակալ եմ իրենցից, որ իմ աշխատանքը գնահատել են ու իրենց էջում տեղադրել։ Ես՝ լինելով երգիչ, հասկանում եմ, թե երգչի համար իր երգն ինչ նշանակություն ունի, և երբ մեկ այլ երգիչ այդ երգը կատարում է․․․ դա զգայուն թեմա է, հետևաբար, ես, իսկապես, շատ շնորհակալ եմ այս արտիստներին, որ նրանք նման դրական վերաբերմունք են ցույց տվել», - նշեց Վարդան Մարտիրոսյանը։ Երգիչն առաջիկայի հետ կապված՝ մեծ ծրագրեր ունի։ Նա նոր, համատեղ աշխատանք է ներկայացնելու երգահան, գործիքավորող Վարդան Գալստյանի հետ։ Աշնանը լինելու են մենահամերգներ Հին Արենի մյուզիք հոլում, Ռոմանով երաժշտական ակումբում, Ծաղկաձորում և Մոսկվայում։ Համերգների օրերի ու ժամերի հետ կապված՝ հանդիսատեսը կարող է հետևել երգչի ինսթագրամյան էջին, որտեղ վերջինս համերգների վայրի, օրվա և ժամի հետ կապված՝ տեղեկություններ կնարկայացնի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր