00:00:00

Չալաբյանի ապօրինի կալանավորման դեմ բերված վերաքննիչ բողոքը կքննվի բացառություն սահմանող ընթացակարգով

20:11, 25 օգոստոս 2022 Հասարակություն

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որում,  մասնավորապես, ասված է․

«Վաղը` օգոստոսի 26-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Գարեգին Նժդեհի 23) տեղի կունենա «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստը, նախագահող դատավորն է Ռուզաննա Բարսեղյանը:

Վերաքննիչ քրեական դատարանն Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանավորման դեմ բերված վերաքննիչ բողոքը կքննի ընդհանուր կարգից բացառություն սահմանող ընթացակարգով, այն է` բանավոր։ Դատական նիստը լինելու է դռնբաց, և Չալաբյանի պաշտպանական խումբը հրավիրում է լրատվամիջոցների ու իրավապաշտպանների ուշադրությունը: Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը կալանավորվել էր մայիսի 14-ին հանցակազմի բացակայությամբ շինծու քրեական գործով, ապա հուլիսի 27-ին ազատ էր արձակվել` դատարանի կողմից սահմանված կալանքի ժամկետը լրանալու արդյունքում, և նորից կալանավորվել մեկ շաբաթ անց:

«Պաշտպանության կողմը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) իր որոշմամբ թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, մասնավորապես՝ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենգրքի 16-րդ հոդվածով սահմանված՝ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, 18-րդ հոդվածով սահմանված՝ անձի ազատության և անձնական անձեռնամխելիության իրավունքը, 16-րդ հոդվածով սահմանված՝ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, 116-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը, 118-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերը, 121-րդ հոդվածը, որոնք իրենց բնույթով էական են և հանդիսանում են դատական ակտը բեկանելու հիմք։

Ակնհայտ է, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքը հանդիսանում է պատիժ, որով դատարանն ապօրինի ապահովեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված «ազատազրկման գործընթացի շարունակականությունը»,- իր միջնորդության մեջ ներկայացրել է Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը:

Նշենք, որ սույն քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել նախաքննության ընթացքում այդպես էլ չպարզված, անհայտ աղբյուրից ստացված ապօրինի մի ձայնագրություն, որը հանդիսանում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույց և չի կարող դրվել Ավետիք Չալաբյանի մեղադրանքի հիմքում: Այլ խոսքով՝ դատարանը պարտավոր էր հիմնավոր կասկածի առկայության մասին հետևություններ անելուց առաջ անդրադառնալ պաշտպանական կողմի բարձրացված սույն փաստին, քանի որ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կասկածները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, որոնք պետք է պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում հետազոտվեն դատական քննության ընթացքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չալաբյանը հայտարարել էր, որ իր կալանավորման որոշումն աննախադեպ է Հայաստանի իրավական պրակտիկայում․ թերևս հազվագյուտ դեպք է, երբ անձը կալանավորվում է հիմքերի լիակատար բացակայության և օրենքի միարժեք պահանջների կոպիտ խախտման պայմաններում:

Չալաբյանի ազատ արձակման համար երաշխավորագրեր էին ներկայացրել մեկ տասնյակից ավելի հարգված գործիչներ, այդ թվում՝ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, «Հայ ասպետ» հիմնադրամի և դպրոցի հիմնադիր Կարին Տոնոյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը և այլք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր