Կենսաթոշակի եւ նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում հուլիս ամսին անկանխիկ գործարքներ կատարած շուրջ 17,000 քաղաքացու տրամադրվել է շուրջ 44 մլն դրամ ընդհանուր հետվճար․ մեկ շահառուին տրվող հետվճարի չափը միջինում կազմել է 2,600 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Ըստ հաղորդագրության՝ ծրագրին միացած քաղաքացիները նախորդ ամսվա ընթացքում իրականացրել են շուրջ 524 մլն դրամի անկանխիկ գործարքներ գործընկեր բանկերում (ՎՏԲ Հայաստան, Արդշինբանկ եւ Հայբիզնեսբանկ)․ նախքան հետվճարի միջոցառման մեկնարկն այդ թիվը եղել է զրոյական։
Այն թոշակառուներն ու նպաստառուները, որոնք օգոստոս ամսին կկատարեն անկանխիկ գործարքներ, հաջորդ ամիս կստանան հետվճարը նույն ընթացակարգով, այսինքն՝ գումարը կփոխանցվի մինչեւ սեպտեմբերի 25-ը։
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքում գործող առեւտրի կետերում եւ ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հետվճարը կազմում է կատարած գործարքների հանրագումարի 10 %-ը, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։
Հետվճարը գործում է նաեւ կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլեւ բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։