Պետք է սկսվի նոր շարժում՝ անկախության շարժում, այն պետք է մեկնարկի 2022թ․ օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը և ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության հռչակման օրը։ Այսինքն՝ ամենաուշը սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը պետք է ՀՀ վարչապետ չլինի։ Այդ մասին այսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը։
«Իմ ձեռքի տակ է մի փաստաթուղթ, որը կոչվում է Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Այս փաստաթուղթն ընդունվել է 1990թ․ օգոստոսի 23-ին և այն անփոփոխելի փաստաթուղթ է։ Սա մեր պետության հիմնադիր փաստաթուղթն է և մեր օերնսդրության իրավական հիմքը։ Կարող են լինել մարդիկ՝ օրինակ Նիկոլ Փաշինյանը, ԱՆդրանիկ Քոչարյանը, Խաչատուր Սուքիասյանը և այլն, ովքեր կարող են մտածել, թե Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, բայց նման մարդիկ ոչ հիմա, ոչ հետագայում որևէ պարագայում հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեն, քանի որ ՀՀ-ն ստեղծվել է , որպեսզի Արցախը միավորվի ՀՀ-ի հետ։ Այս փաստաթուղթը՝ մեր անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում ՀՀ Գերագույն խորհրդի և ԼՂ Ազգային խորհրդի 1989թ․ համատեղ որոշմանը, որով նախատեսվում է Արցախի միավորումը Հայաստանի հանրապետության հետ»,-շեշտեց Էդգար Ղազարյանը։
Ընդգծելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված է, որ գոյություն ունի Լաչինի միջանցք, որի անվտանգություն ապահովելու պարտավորություն է ստանձնել Ադրբեջանը, իսկ ռուսական խաղաղապահներն էլ պետք է երաշխավորեն այդ անվտանգությունը՝ Ղազարյանը նշեց, որ խաղաղ պայմաններում Աղավնոն, Բերձորը, Սուսը տարհանելու ծրագիրն անթույլատրելի է և զուրկ իրավական հիմքից։
«Երկիրը հայտնվել է աղետալի վիճակում և դա ենթադրում է, որ պետք է կատարենք հրատապ գործողություններ՝ պետության վերջնական կործանումը թույլ չտալու համար։ Մեր երկրի մի շարք բնակավայրերի բնակիչներ կանգնած են տեղահանման վտանգի առաջ։ Փաստացի, խաղաղ պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից բնակիչները տեղահանվում են իրենց բնօրրանից։ Սպասել, թե երբ են մեզ հանելու ՀՀ մյուս բնակավայրերից ևս, ուղղակի, անթույլատրելի է»,-ասաց Ղազարյանը։