2021 թվականին ԱՄՆ-ում Ռոման Մուրադյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Մուրադյան և ընկերներ» հիմնադրամը: Հիմնադրամի գործունեությունը միտված է համախմբելու աշխարհասփյուռ հայ մարզիկներին: Հիմնադրամի կարևորագույն նպատակներից է՝ հայրենիքում բարձրացնել համաշխարհային ճանաչում ունեցող հայ մարզիկների ճանաչելիությունը, նպաստել նրանց հեղինակության և համբավի տարածմանը:
Հիմնադրամը նաև աջակցում է երիտասարդ հայ մարզիկներին, որպեսզի կարողանան հաջողել իրենց սպորտաձևերում , ծածանեն հայոց եռագույնն ամբողջ աշխարհում, վստահ լինելով, որ իրենց ջանքերը գնահատված են լինելու նաև «Մուրադյան և ընկերներ» հիմնադրամի կողմից:
«Ուզում ենք , որ մյուս մրցումներին ավելի շատ հայերով ներկա լինենք, ավելի ոգևորենք, տղերքն էլ ավելի պատրաստակամ լինեն, որ կարողանան մեր Հայաստանի դրոշը բարձրացնեն, մենք էլ մեզ լավ զգանք, ուրախանանք»,- ասում է Ռոման Մուրադյանը։
«Մուրադյան և ընկերներ» հիմնադրամի կարևորագույն նպատակներից է նաև՝ աջակցել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:
«Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում լավագույն ուսանողներին պարգևատրում ենք՝ դրամական պարգևներ Ալբերտ Ազարյանի, Արթուր Ալեքսանյանի, Արթուր Աբրահամի, Ստեփան Սարգսյանի, Յուրի Բաբայանի .. .Յոթ անվանակարգ կա ։ Տղաները ստանում են, երիտասարդները ոգևորվում։ Նպատակը այն է, որ իրենք էլ դառնան ազարյաններ, ալեքսանյաններ»,- նշում է հիմնադրամի հիմնադիրը։
Այս տարի ԱՄՆ-ում «Մուրադյան և ընկերներ» հիմնադրամի նախագահ Ռոման Մուրադյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մեծարման երեկո, որի շրջանակում անվանական հուշամեդալներ, սերտիֆիկատներ և դրամական պարգևներ հանձնվեցին աշխարհում Հայաստանի դրոշը բարձր պահած մարզիկներ՝ Մալխաս Ամոյանին, Ազատ Հովհաննիսյանին, Էրիկ Պետրոսյանին, Գուրգեն Հովհաննիսյանին, Մակսիմ Մանուկյանին եւ Վալոդյա Ֆրանգուլյանին։ Երեկոյին ներկա էին մարզաշխարհի տարբեր ներկայացուցիչներ, հիմնադրամի գործունեության աջակիցներ և ընկերներ:
«Վեց հոգու համար պետք ա դրամական պարգևներ, պատվոգրեր, մեդալներ անվանական ստանան հիմնադրամի կողմից»,- ասում է Ռոման Մուրադյանը։
Ռոման Մուրադյանը կարևորում է հիմնադրամի կողմից խրախուսական գործողությունների, պարգևներ և կրթաթոշակների հանձնման շարունակականությունը, քանի որ դա կարևոր քայլ է դեպի «Մուրադյան և ընկերներ» հիմնադրամի նպատակների իրականացում։
Նյութի աղբյուր politik.am