00:00:00

Առաջին եռամսյակի արդյունքներով` ունենք 16.1 տոկոս տնտեսական աճ. Արայիկ Հարությունյան

22:25, 16 մայիս 2018 Լեռնային Ղարաբաղ

Առաջին եռամսյակի արդյունքներով` ունենք 16.1 տոկոս տնտեսական աճ. Արայիկ Հարությունյան «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն Ազգային ժողովում հայտարարել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ մանրամասնելով, որ ընթացիկ տարում ևս հիմնական աճը սպասվում է հանքարդյունաբերությունից: «Տնտեսության զարգացող ճյուղերի մեջ առաջին հերթին  առանձնանում են գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը և ծառայության որոշ ուղղություններ, որոնք կապված են տեղեկատվական տեխնոլոգիաների ու զբոսաշրջության հետ: Սկսված են տասնյակ հիդրոէլեկտրոկայանների շինարարական աշխատանքները, որոնք հնարավոր է իրականացնել ստեղծված ենթակառուցվածքների, մասնավորապես՝ Քարվաճառում Սոթք-Հաթերք բարձրավոլտի, Դադիվանքի տրանսֆորմատորային կայանի և նոր հզորությունների ավելացման շնորհիվ: Դրանք ծավալային առումով աճ են ապահովելու և՛ շինարարության, և՛ էներգետիկայի բնագավառներում»,- մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը: Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ճյուղին, պետական նախարարը նշել է, որ այդ առումով ամեն տարի արձանագրվում է և՛ որակական, և՛ քանակական աճ: «Այս տարի ևս կանխատեսվում է աճ: Ունենք մշակվող հողատարածքների ավելացում: Տեխնոլոգիաների ներկրման, կաթիլային համակարգի տեղադրման արդյունքում աճ ակնկալվում է բերքատվության առումով, իսկ թիրախը այգեգործությունն է: Համոզված եմ, որ առաջիկա տարիներին ևս արձանագրելու ենք բարձր ցուցանիշներ, քանի որ տարեկան հարյուրավոր հեկտարներ նոր այգիներ են տնկվում՝ պետական քաղաքականության, նաև ներդրումների ներգրավման շնորհիվ»,- նշել է Ա. Հարությունյանը: Պետնախարարի խոսքով՝ տնտեսական աճի շնորհիվ կառուցվում են մանկապարտեզներ, դպրոցներ և իրականացվում բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված հանրության սոցիալական վիճակի բարելավմանը: Artsakhpress.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր