00:00:00

Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՀՀ֊ում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին

21:41, 30 հունիս 2022 Արտաքին քաղաքականություն

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Խորհրդարանում հյուրընկալեցի Հայաստանի Հանրապետությունում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ տիկին Քրիստինե Վայգանդին։
Որպես երեխաների իրավունքներով զբաղվող հանձնաժողովի նախագահ՝ երեխաների իրավունքների իրացման հարցերով զբաղվող միջազգային կազմակերպության՝ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի հետ համագործակցությունն ինձ համար մեծ կարևորություն է ներկայացնում։ Ուստի ՀՀ-ում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին հրավիրեցի Ազգային ժողով՝ քննարկելու ոլորտային խնդիրները, համագործակցության հնարավորությունների շրջանակը, ինչպես նաև առաջիկա համատեղ քայլերը՝ ի պաշտպանություն երեխաների իրավունքների։

Անդրադառնալով երեխաների իրավունքներին առնչվող խնդիրներին՝ տիկին Վայգանդին ահազանգեցի Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ բնակավայրերի երեխաների հիմնարար իրավունքների խախտումների մասին։ Ադրբեջանցիները թիրախավորում են մանկական հաստատությունները, ստեղծում վախի մթնոլորտ, ավտոմատներով ցուցադրաբար նշանառում են երեխաների վրա՝ խախտելով նրանց կյանքի իրավունքը։ Եվ քանի որ սահմանային գյուղերի նկատմամբ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը հետաքրքրություն է ցուցաբերում, նախ շնորհակալություն հայտնեցի իմ գործընկերոջը՝ ծանր պայմաններում ապրող մեր հայրենակիցների կողքին լինելու համար և առաջարկեցի համատեղ այցելել Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրեր՝ երեխաների հետ շփվելու, խնդիրները տեղում վեր հանելու նպատակով։
Տիկին Վայգանդի հետ քննարկելով այն հարցը, որ երեխայի ներգրավվածությամբ դատական գործերով տեղեկության հրապարակումը խախտում է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 16-րդ և 40-րդ հոդվածները, եթե այդ տեղեկատվության հիման վրա հնարավոր է նույնականացնել երեխային, խորը մտահոգություններ արտահայտեցի Հայաստանում առկա համապատասխան իրավիճակի կապակցությամբ։

«ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեցի նաև կարիքավոր, բայց միաժամանակ մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող երեխաների խնդիրներին․ ընդունվելով միջազգային ուսումնական հաստատություններ՝ երեխաները չեն կարողանում հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ուստի զրկվում են իրենց կարողությունները զարգացնելու հնարավորությունից։
Տիկին Վայգանդը հայտնեց, որ աշխատում են ինչպես խորհրդարանի, այնպես էլ Կառավարության, քաղաքացիական հասարակության հետ՝ օժանդակելու երեխաների իրավունքների պաշտպանությանը, որին, ի դեպ, վերաբերում է
«ՅՈՒՆԻՍԵՖ»-ի վերջին ծրագիրը։ Անդրադառնալով «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ռազմավարական ծրագրին՝ տիկին Վայգանդը տեղեկացրեց, որ ծրագրով առանձնացվել են մի քանի ասպեկտներ՝
– կրթության ոլորտում բարեփոխումների իրականացում,
– սոցիալական պաշտպանություն,
– երեխաների իրավունքների պաշտպանություն, բռնության տարածման կանխարգելում,
– սնունդ, առողջապահություն։
Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր այցելելու իմ առաջարկին, «Համայնքներում շատ են մարտահրավերները, փորձում ենք հասկանալ, թե ինչ աջակցություն ցուցաբերենք սահմանային շրջաններին։ Համատեղ այցը շատ լավ միտք է»,- նշեց տիկին Վայգանդը։
Քննարկեցինք նաև Խնամակալության և հոգաբարձության մարմիններում ներգրավված աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության բացակայությանը, մանկական հոգեբանների պարտադիր լիցենզավորմանը, այդ մարմինների կողմից ընդունվող որոշումների ոչ պարտադիր ու ձևական բնույթ կրելու, խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից դրսևորվող անգործությանը վերաբերող հարցեր։ Կիսվեցի մեր հաջողության պատմություններից մեկ օրինակով և պայմանավորվեցինք հստակեցնել առաջիկայում այս խնդիրների կարգավորման ուղղությամբ հնարավոր քայլերը։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը» տարածաշրջանում լավ օրինակ կարող է լինել իր կողմից իրականացվող ծրագրերով, ուստի որոշեցինք գնահատել առաջնահերթությունները և սկսել համատեղ քայլեր իրականացնել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր