00:00:00

ԵՄ դեսպանը բոլոր կողմերին կոչ է անում Հայաստանում չլարել ներքաղաքական իրավիճակը և ձեռնպահ մնալ ատելության խոսքից

13:32, 08 հունիս 2022 Արտաքին քաղաքականություն

Եվրոպական Միությունը չափազանց կարևորում և աջակցում է ժողովրդավարական կառավարման համակարգի բարեփոխումները, իրավունքի գերիշխանության հաստատումը, խտրականության դեմ պայքարը Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Մենք մշտապես աջակցել ենք արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը, ինչի նպատակով երկարաժամկետ ու կարճաժամկետ աջակցություն ենք տրամադրել: Մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ Հայաստանը վերջին տարիներին գործադրել է ժողովրդավարական գործընթացների առումով, նաև շատ կարևոր է,որ  քաղաքական ղեկավարությունը հանձնառու է շարունակել սահմանադրական բարեփոխումները, որոնք նախատեսված են դատաիրավական բարեփոխումների  2019-2021 թվականների ռազմավարությամբ»,- ընդգծեց Վիկտորինը:

ԵՄ դեսպանի խոսքով՝ անկախ դատական համակարգը ժողովրդավարական երկրում երաշխավորն է մարդկանց իրավունքների և ազատությունների, ուստի Սահմանադրական դատարանը կարևոր դերակատարում ունի ամրապնդելու հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ:

«Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, և մենք շատ տպավորված ենք, որ իշխանությունները պատրաստակամորեն շարունակում են ընթանալ բարեփոխումների ուղով: Ներկայումս երկրում մեծ լարվածություն կա, և շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերն աշխատեն միասին՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Մենք ուշի ուշով հետևում ենք երկրում ներքաղաքական իրավիճակին և բողոքի ցույցերին: Բոլոր կողմերին մեկ ուղերձ ենք փոխանցում՝  նվազեցնել լարող իրավիճակը: Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան ազատ բարձրաձայնել իրենց կարծիքը,  իսկ իրավապահ մարմիններն ու ոստիկանական ուժերը պետք է ձեռնպահ մնան բիրտ ուժի գործադրումից: Տեղի ունեցած որոշ միջադեպեր ենթակա են քննության, որոշ դեպքերում դա արդեն իսկ տեղի է ունենում, գործերը հասնում են դատարան և կայացվում է որոշում: Այդպես է աշխատում ժողովրդավարությունը»,- ասաց Վիկտորինը:

ԵՄ դեսպանը շատ է կարևորում, որպեսզի Հայաստանում բոլոր կողմերը ձեռնպահ մնան ատելության խոսքից, սադրանքներից: Պետք է դատապարտվի ցանկացած բռնություն:

«Այս իրավիճակում, կարծում եմ, որ ավելի քան կարևոր է խրախուսել վստահությունը մեր Սահմանադրական դատարանի և դատական համակարգի նկատմամբ»,- եզրափակեց Վիկտորինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր