Ստոկհոլմում դեռ նախորդ տարի ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում՝ ներկայացնելով ԱԳՆ 2021 թվականի գործունեությունը:
«2021 թվականին ԱԳՆ-ն աշխատանքներ է իրականացրել ՀՀ արտաքին քաղաքականության ուղենիշների և կառավարության ծրագրի իրականացման, բարեփոխումների և զարգացման օրակարգի խթանման, միջազգային գործընկերների հետ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ, ՀՀ պետական շահերի պաշտպանության, ինքնիշխանության ամրապնդման և տարածքային ամբողջականության վերականգնման, ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորման, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման, 44-օրյա պատերազմի հետևանքով ծագած հումանիտար խնդիրների հաղթահարման նպատակով: Իհարկե, Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը շարունակել են մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո»:
Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, Արարատ ՄԻրզոյանն ասել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող տրանսպորտային ենթակառուցվածքները, ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են: ԱԳ նախարարը վստահեցրեց, որ արտաքին քաղաքական աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը եղել է տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը: Նա հիշեցրեց տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման մասին: «Որպես արդյունք 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի, ԵԽ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումների, երկաթուղային հաղորդակցությունը վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են: Կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող տրանսպորտային ենթակառուցվածքները, ճանապարհները, երկաթուղիները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են»: