Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հունիսի 1-ից 4-ը գտնվում էր Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին նա գրել է Տելեգրամյան իր ալիքում։
Այցի նպատակն էր ծանոթանալ ներկա սոցիալ-քաղաքական իրավիճակին և արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, զարգացնել կապերը ռուս հայրենակիցների հետ։
Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ինչպես նաև ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Պատգամավորը զրուցել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի և Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ։
Հունիսի 4-ին Երևանում Ռուսաստանի դեսպանատանը Զատուլինը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։