00:00:00

Այսօր տեղի ունեցավ «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի առաջին հանրային հանդիպումը

10:00, 04 հունիս 2022 Քաղաքականություն

3 հունիսի 2022թ., Երևան: ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱԼՅԱՆՍ նորաստեղծ ինստիտուտը  Հայաստանի և Արցախի անկախության և պետականության կայացման մեջ ներդրում ունեցող անձանց կողմից ստանձնած թիմային պատասխանատվություն է՝ ինչպես ժառանգված անցյալի և այսօրվա, այնպես էլ ապագայի հանդեպ: Հանդիպմանը ներկա էին ճանաչված գիտնականներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ինչպես նաև հյուրեր արտերկրից:

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱԼՅԱՆՍ ինստիտուտի հիմնադիր Արա Աբրահամյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում և Հարավային Կովկաս տարածաշրջանում ընթացող իրադարձությունները բացահայտեցին Հայաստանի ու Սփյուռքի հայրենասեր բոլոր ուժերի և մեր բարեկամների  արդյունավետ համագործակցության սուր անհրաժեշտությունը՝ նպատակ դնելով համախմբվել և կասեցնել այն քայքայիչ գործընթացները, որոնք մեր աչքի առաջ տեղի են ունենում մեր հայրենիքում, և մշակել Հայաստանի և Արցախի փրկության ու հետագա զարգացման միասնական ճանապարհային քարտեզ: Ձգտելով ձևավորել համահայկական միավորման ժամանակակից հարթակ՝ գործարկվել է նոր պլատֆորմ՝ «Հայաստանի և Արցախի ռազմավարական զարգացման «Արարատյան Ալյանս» ինստիտուտ անվանումով, որի նպատակն է համախմբել հայերի, ինչպես նաև հայ ժողովրդի բարեկամների ներուժը երկրի անվտանգության ամրապնդման, տնտեսության մրցունակության բարելավման, ազգային արժեքների պահպանման և զարգացման համար՝ հանուն հայ ժողովրդի արժանապատիվ կյանքի և Հայաստանի առաջընթաց զարգացման:

Հանդիպման ժամանակ ոլորտային խմբի ղեկավարները՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալեքսանդր Մանասյանը, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, անվանի հայագետ Արթուր Արմինը, Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը, Դավիթ Սարգսյանը և այլոք ներկայացրեցին «Արարատյան Ալյանս» ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները.

Անվտանգություն (տարածքային անվտանգություն, քաղաքացիական պաշտպնություն, կիբեր անվտանգություն, անվտանգային տեխնոլոգիաներ):

Արցախ (Արցախի տարածքային ամբողջականության խնդիրը, Արցախի հայության անվտանգության ապահովման հեռանկարները, Արցախի կարգավիճակի՝ միջազգային ճանաչման հարցը և զարգացման խնդիրներ):

Գիտություն և տեխնոլոգիաներ (Հայաստանի գիտությունը ներուժը 21-րդ դարում, հայության գիտական ներուժն աշխարհում, Գիտությունների ազգային ակադեմիան և երկրի առաջնահերությունները, Հայաստանի գիտության զարգացման մարտահրավերները և խնդիրները, Հայաստանի գիտության զարգացման հեռանկարները):

Տնտեսություն (տնտեսական սպառնալիքներ, ազգային մրցակցային առավելություններ, մրցունակության խնդիրներ, ներդրումային միջավայր, արտաքին տնտեսական կապեր):

Ազգային արժեքներ (ազգային և համամարդկային արժեքների ներդաշնակությունը, ազգային պետության հիմնադրույթները, ազգային ինքնության և արժեքների, հայագիտական ուսումնասիրությունների խնդիրներ, ազգային մշակույթի զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորումը, զարգացման տեսլականի դերը սերունդների համերաշխության գործում, ազգային պետության ձևավորման և ազգային մշակույթի ռազմավարության կարևորությունը):

Սփյուռք և արտաքին կապեր (Հայկական սփյուռքի ներուժի գնահատման խնդիրները, հին ու նոր ձևավորվող սփյուռքի տարբերություններն ու ընդհանրությունները, մերձավոր և հեռավոր սփյուռքում առկա միտումները, հայրենակցական միությունների խնդիրները, Սփյուռքի մասնագիտական ներուժի բացահայտման, հաշվառման և իրացման խնդիրները, Սփյուռքի ներուժը հայրենիքում իրացնելու հեռանկարները, Հայաստանի դերը տարածաշրջանում և աշխարհում, ազգային դիվանագիտության խնդիրները, ՀՀ արտաքին քաղաքական դոկտրինը և դրա իրացման հեռանկարները):

Երիտասարդություն (հայ երիտասարդի կերպարը, երիտասարդության վիճակը Հայաստանում, կրթական խնդիրներ, սոցիալական խնդիրներ, ուսանող երիտասարդության գիտելիքի պահանջարկվածությունը, երիտասարդների զբաղվածության խնդիրները, երիտասարդության ներուժի իրացման հեռանկարները):

«Արարատյան Ալյանս»-ը պատրաստվում է գումարել իր առաջին համահայկական համաժողովը 2022 թվականի սեպտեմբերին՝ այն գիտակցումով, որ յուրաքանչյուրիցս է կախված՝ թե ի՞նչ ժառանգություն կթողնենք մեր սերունդներին, և կարո՞ղ են արդյոք նրանք հպարտանալ մեզանով, թե՞ կդատապարտեն մեզ  այսօրվա անգործության և դանդաղկոտության համար և ավելի է թանկացնում այն գինը, որ ստիպված ենք լինելու վճարել Հայաստանին ու մեր ժողովրդին բարձր մարդկային և ինտելեկտուալ ներուժով օժտված ազգի հեղինակությունը վերադարձնելու համար:

Արա Աբրահամյանը դիմեց բոլորին՝ կոչ անելով համախմբվել «Արարատյան Ալյանս»-ի շուրջ: ՛՛Մենք այդ աշխատանքներում ներգրավել ենք տարբեր ոլորտների և ազգության մասնագետների և բաց ենք համագործակցության համար՝ հանուն մեր ընդհանուր հայրենիքի: Հավատացե՛ք, ձեր մասնակցությունը կարևոր և անհրաժեշտ է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի յուրաքանչյուր հայի համար, ում անձնական ճակատագրերը, ինչպես և մեր հայրենիքի ճակատագիրը, մեծապես կախված է մեր այսօրվա ընտրությունից՛՛։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր