00:00:00

Հրմշտոց սկսվեց կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ. ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ (ուղիղ)

12:35, 30 մայիս 2022 Տեսանյութեր

 

«Դիմադրության» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով հասան կառավարության երրորդ մասնաշենք:

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Մենք գնում ենք կառավարության 3-րդ մասնաշենք մեր նախորոք հայտարարված պահանջը ներկայացնելու եւ հասկանալու շենքում նստած նախարարների եւ քաղաքական պաշտոն  զբաղեցնող անձանց դիրքորոշումը»:

Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մեծ թվով ոստիկաններ շղթա են կազմել եւ փակել մուտքը:

«Այժմ ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորներ կբարձրանան նախարարությունների շենք, կհանդիպեն կոնկրետ նախարարներին՝ հասկանալու համար՝ իրենք կո՞ղմ են այն փաստաթղթին, որը մեր բոլորի կողմից հրապարակվել է»,-ասաց Սաղաթելյանը՝ հիշեցնելով իրենց ներկայացրած հայտարարության տեքստում ամրագրված պահանջները:

Փոխոստիկանապետ Կամո Ցոցուլյանն ասաց, որ կճշտի նախարարների հետ՝ արդյոք պատրաստ են ընդունել պատգամավորներին, որից հետո թույլ կտան ընդդիմադիր պատգամավորներին մուտք գործել շենք:

Որոշ ժամանակ անց իրավիճակը լարվեց, ցուցարարները սկսեցին հրել շղթա կազմած ոստիկաններին, վերջիններս կարողացան դիմադրել եւ թույլ չտվեցին ցուցարարները մուտք գործեն շենք: Ուժեղ հրմշոց սկսեց, որի հետեւանքով երիտասարդ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան դստիկանները գրկած դուրս բերեցին հրմշտոցի վայրից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր իրենց հայտարարության տեքստում ամրագրված պահանջները. «Յուրաքանչյուր պաշտոնյա հայտնի հստակ դիրքորոշում.

Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:

Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր