ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը չի փոխվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացնելու կամ չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ պահանջելով վերացնել 2 մլրդ դրամի չափով գրավը կամ փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ՝ գտնելով, որ չկան այն ռիսկերը, որոնք կանխելու համար անհրաժեշտ է տվյալ խափանման միջոցի կիրառումը։ Պաշտպանները նաև հարցումներ են իրականացրել՝ պարզելու, թե ինչ հանգամանքներ են հաշվի առնվել Սերժ Սարգսյանի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցն ընտրելիս։ Դատարանը մերժել է միջնորդությունը։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 14-ին, ժամը՝ 13.00-ին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 1998-2008թ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու, նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման համար հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասերի ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ փետրվարից մինչև 2008թ ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008թ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 309 մլն ՀՀ դրամին համարժեք 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև՝ խեղաթյուրելով և թաքցնելով նման գումարի իրական բնույթն ու ծագումը, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։