ՀԱՊԿ առաջնորդները մի շարք առաջարկներ են արել կազմակերպության արձագանքման համակարգի կատարելագործման վերաբերյալ, գագաթնաժողովից հետո հրավիրված ասուլիսին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած քննադատությունը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանի համար մի շարք էական հարցերի շուրջ կազմակերպությունն այնքան էլ արդյունավետ չի արձագանքում, որքան ակնկալում է Հայաստանը։
«Այդ հարցն այսօր քննարկվել է, այդ թվում՝ հանդիպման երկրորդ մասում։ Ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման վերաբերյալ բավական շատ առաջարկներ են եղել։ Այդ թվում՝ հայկական կողմից. ՀՀ վարչապետն է ներկայացրել իր առաջարկները»,- ասել է Զասը։
Ըստ նրա` առաջարկներ են եղել նաև այլ պետությունների առաջնորդների կողմից` հաշվի առնելով Ղազախստանում կազմակերպության փորձը, որտեղ ճգնաժամային արձագանքման համակարգը առաջին անգամ է փորձարկվել։
Զասը նշել է, որ համակարգն ընդհանուր առմամբ վատ չի աշխատել։ Որոշ խնդիրներ ստիպված են եղել արագ լուծել, սակայն նման բան չպետք է տեղի ունենար։ Չկոտրելով ստեղծված համակարգը` սկզբունքային շտկումներ անելու խնդիր է դրված։
Գլխավոր քարտուղարի խոսքով` զրուցել են նաև կովկասյան տարածաշրջանի մասին։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարներն այսօր Մոսկվայում կայացած գագաթնաժողովում համատեղ հայտարարություն են ընդունել Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակի և կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ: