00:00:00

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ նորընտիր նախագահին

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նորընտիր նախագահ, շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին.

 

«Ձերդ Մեծություն շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյան,

 

Թանկագին բարեկամ,

 

Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ:

 

Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջպետական հարաբերություններն աչքի են ընկնում բարեկամական ու գործնական դրսևորումներով՝ խարսխված լինելով պատմական ամուր, հուսալի հիմքի վրա: Համոզված եմ, որ Դուք շարունակելու եք ավելի զարգացնել մեր երկու երկրների և ժողովուրդների կապերը:

 

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները, այդ թվում նաև՝ ԱՄԷ կատարած իմ պաշտոնական ու աշխատանքային այցերի շրջանակում, որոնց ընթացքում բազմիցս համոզվել եմ, որ ի դեմս Ձեզ, ԱՄԷ ժողովուրդն ունի հեռատես ու շրջահայաց պետական գործիչ՝ օժտված առաջնորդի ու հայրենասեր անհատի լավագույն որակներով: Այդ հանդիպումների ժամանակ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել հայ-էմիրաթական հարաբերությունների շուրջ, քննարկումներ, որոնք Ձեր աջակցությամբ շարունակաբար վերածվում են միջպետական գործնական նախագծերի:

Ինքս պատրաստ եմ այսուհետ ևս ներդրում ունենալ մեր երկրների հարաբերությունների զարգացման մեջ:

Վստահ եմ, որ Ձեր ղեկավարման շրջանում բարեկամ ԱՄԷ-ն արձանագրելու է նոր ձեռքբերումներ և ամրապնդելու է իր ծանրակշիռ տեղն արաբական և իսլամական աշխարհում:

 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր