Պաշտոնական Երևանը քիչ առաջ հրապարակեց 6 կետերը, որոնք առաջարկվել են Ադրբեջանին խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկի համար: «Առաջին ալիքի» եթերում կետերի բովանդակությունը բացահայտել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Նա տեղեկացրել է, որ առաջարկներով փաստաթուղթը ռուսերեն է և բանավոր ներկայացրել է դրանց ոչ պաշտոնական թարգմանությունը։ Ըստ Մարուքյանի՝ առաջին կետով հայկական կողմը նշել է՝ պատասխանում են այս տարվա փետրվարի 20-ին թվագրված և մարտի 11-ին Երևանին փոխանցված նամակին: Մնացած հինգ կետերի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև. 1. ՀՀ-ն երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի հանրապետության նկատմամբ․ 2. Հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքերի և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը․ 3.Հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի՝ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները (ռազմագերիների վերադարձ, ճանապարհների ապաշրջափակում)․ 4.Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և Քաղաքական միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա․ 5.Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագայությանը։ Հիշեցնենք, որ որպես բանակցությունների մեկնարկային աշխատանքային փաստաթուղթ ՀՀ-ն այս առաջարկներով պատասխանել է ադրբեջանական կողմի ներկայացրած հինգ կետերին, որոնցում ասվում է․ . ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում, . պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում . զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից . պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում . տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։