Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների Զինված ուժերի գերագույն հրամանատրի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից։
Ցավակցական հեռագրում ասված է. «Խոր ցավով ստացա Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան լուրը:
Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանն իր հմուտ և հեռատես առաջնորդությամբ հիրավի անգնահատելի ներդրում է ունեցել երկրի զարգացման և զորացման գործում:
Կիսելով այս մեծ կորստի վիշտը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություններ եմ հղում Ձերդ վսեմությանը, հանգուցյալի հարազատներին և Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ այս դժվարին պահին մաղթելով տոկունություն և ոգու ամրություն»: