00:00:00

Պահանջում ենք զերծ մնալ հայ հասարակության հանդեպ ենիչերիական վերաբերմունքից. ՀՅԴ Մոսկվայի գրասենյակ

13:23, 05 մայիս 2022 Քաղաքականություն

Պահանջում ենք զերծ մնալ հայ հասարակության հանդեպ ենիչերիական վերաբերմունքից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակը:

 

Հայտարարությունում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ.

Ռուսաստանի հայությունը՝ աշխարհասփյուռ հայերի հետ միասին, շարունակում է կառչած մնալ իր արմատներին, իր հայրենիքին, մայրենի հողի կանչին և ավանդույթներին։ Բազմահազար ռուսաստանաբնակ հայեր ամեն օր արթնանում են հայրենիքի կարոտով, նրա շենացմանն օգնելու պատրաստակամությամբ։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը վերապրում են պատմության ամենաողբերգական օրերը՝ հայոց պետականությունը կործանման եզրին է, հայությունը բզկտված ու անհամախումբ, պետական ինստիտուտները կամ իսպառ դադարել են գործել, կամ էլ հոգևարքի մեջ են:

 

Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունները շարունակաբար անտեսում են պետական և ազգային շահը, առաջնորդվում են թշնամիների առաջ քաշած օրակարգերով և հանձնարարականներով։ Հայաստանի Հանրապետությունում աննախադեպ աճ են գրանցել մարդկանց իրավունքների ոտնահարումները, քաղաքական նկատառումներով շարունակվում է սահմանափակվել մարդկանց ազատությունը, անհիմն կալանավորված են տասնյակ հասարակական, քաղաքական և քաղաքացիական գործիչներ, Հայաստանում նոր թափ է ստացել պետական միջոցների կասկածելի և ոչ թափանցիկ վատնումը, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հասկանալի չէ ոչ հասարակությանը, ոչ էլ միջազգային գործընկերներին:

 

Երկրում մոլեգնում է աղքատությունը, հուսահատությունն ու փոխադարձ անհանդուրժողականությունը։ Այս ամենից դժգոհ և արժանապատիվ փոփոխություն ակնկալող հայ հասարակությունը ՀՀ օրենսդրության շրջանակներում իրականացնում է բողոքի խաղաղ անհնազանդության ակցիաներ, որոնց վարչապետն ու պետական մեքենան հակազդում են բռնի և ապօրինի ձերբակալություններով, բռնաճնշումներով և սադրանքներով։

 

Պահանջում ենք Հայաստանի իշխանություններից շարժվել բացառապես օրենքներով, հարգել մարդկանց ազատություններն ու իրավունքները, զերծ մնալ հայ հասարակության հանդեպ բռնություններից և ենիչերներին հատուկ դաժան և անմարդկային վերաբերմունքից։

 

Կոչ ենք անում Ռուսաստանի բազմամիլիոն համայնքի կյանքն ու մշակութային ինքնավարությունն ապահովող բոլոր կազմակերպություններին, մտավորականներին, գործարար շրջանակներին և ոչ անտարբեր ամեն մի հայի՝ Միացե՛ք այս պահանջին, թույլ չտանք, որ Հայաստանում արմատներ ձգեն բռնատիրությունն ու հայատյացությունը։ Կոչ ենք անում մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ կազմակերպություններին դատապարտել խաղաղ ցուցարարների հանդեպ պետական֊ոստիկանական բռնություններն ու միջոցներ ձեռնարկել Հայաստանում մարդու իրավունքների վերականգնման ուղղությամբ։

 

Հայտարարությանը միացել են՝

 

ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու Մարմին,

 

ՀՄԸՄ Մոսկվայի մասնաճյուղ,

 

Հայ Օգնության միության Ռուսաստանի կազմակերպություն,

 

«Համազգային» համահայկական կրթամշակութային միություն։

 

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր