00:00:00

Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգելը հանցավոր անգործության ապացույց է․ Ղազինյան

18:30, 03 մայիս 2022 Քաղաքականություն

Ինչպես հայտնի է, ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով:

Այսօր պարզ դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգել է: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ միջնորդության լուծումը հետաձգվել է «մինչև դրա վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը»։

Նախաքննական մարմնի կողմից զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը հետաձգելու փաստին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ նշելով․ հետաձգումը նշանակում է, որ 1,5 տարվա ընթացքում վարույթն իրականացնող մարմինը թերացել է իր պարտականություններում։

«Եթե 1, 5 տարում դեռևս չեն բացահայտել այն էական դրվագները, ապացույցները, որոնք պետք է դրվեին տուժողների կողմից ներկայացված միջնորդության բավարարման կամ մերժման հիմքում, դա հանցավոր անգործության ռեալ ինքնախոստովանական ապացույց է»,- ասաց Ղազինյանը։

Նրա խոսքով՝ քրեական գործով Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման միջնորդության հարցը լուծելու համար մեկ բան էր ընդամենը պետք անել՝ նրան կանչել հարցաքննության։

«Որովհետև նրա կողմից հնչել են, մեղմ ասած, տարօրինակ մտքեր և արտահայտություններ, իսկ իրավական լեզվով՝ ինքնախոստովանական ցուցմունք, որ այս արհավիրքի, մարդկային և տարածքային կորուստների համար ոչ միայն ինքն է պատասխանատու և ինչ-որ չափով մեղավոր, այլև ինքը դա արել է կանխամտածված և նպատակադրված, որովհետև խոստովանելով, որ կարող էին կանխել պատերազմը, և կունենայինք նույն վիճակը, բայց առանց զոհերի, ուղիղ ապացույցն է նրա, որ պատերազմն իր կողմից եղել է կանխամտածված»,- ասաց Արթուր Ղազինյանը։

Իսկ սրա հիմքում, ըստ պատգամավորի, եղել է մեկ բան՝ իշխանությունը պահելու խնդիրը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դատախազությունը բավարարել էր պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը:

Նրանք նաեւ պահանջել էին գործում որպես մեղադրյալ ներգրավել նաեւ Նիկոլ Փաշինյանին: Հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդության լուծումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր