ՀՀ Վարչապետ
Պարոն Նիկոլ Փաշինյանին
Բաց նամակ
Պատիվ ունեմ <<Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման>> Հկ բազմահազար անդամների անունից ջերմորեն Ձեզ շնորհավորելու ՀՀ Վարչապետ ընրվելու և ՀՀ Կառավարությունը ձևավորելու առիթով: Վստահ ենք, որ Ձեր գիտելիքները, փորձը, նվիրվածությունը, հայրենասիրությունը համեմված համաժողովրդական աննախադեպ աջակցությամբ և վստահությամբ կկերտեն նոր ավելի պայծառ Հայաստանի Հանրապետություն: Մեծարգո պարոն Վարչապետ մեր կազմակերպությունը տաս տարուց ավելի հավաքել, հանրահռչակել, ներկայացրել է հայկական խոհանոցը Հայաստանի մարզերում, արտերկրում և սփյուռքում: Ժամանակակից աշխարհում ազգային խոհանոցը լուրջ քաղաքական, տնտեսական, մշակութային, դիվանագիտական գործիք է, որից օգտվում են Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի պես կառավարությունները և ժողովուրդները: Օգտվելով առիթից Ձեզ ենք ներկայացնում նաև մեր դիտարկումները հայկական խոհանոցի հետագա հանրահռչակման և զարգացման՝ և այդ գործում ՀՀ Կառավարության հնարավոր դերի մասին (Դիտարկումները կցվում են): Ակնկալում ենք Ձեզ հարմար ժամանակ հանդիպում Ձեր հետ:
Մեծարգո պարոն Վարչապետ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության կոմիտեի կողմից տոլմայի պատրաստման ձևը, որպես ադրբեջանական մշակույթի մաս ներկայացնելն առաջացրեց հայ հասարակության արդարացի և հիմնավորված վրդովմունքը: Միևնույն ժամանակ այն առաջ բերեց մի շարք հարցադրումներ, որոնց մեր կազմակերպությունը քանիցս անդրադարձել է իր գործունեության 10 տարիների ընթացքում: Կփորձենք թվարկել դրանցից մի քանիսը.
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության կոմիտեի ՝ տոլմայի հետ կապված որոշումը ոչ այնքան և ոչ միայն հայկական կողմի պատասխանատուների՝ պետական, գիտական, հասարական շրջանակների, աշխատանքի թերացման, որքան՝ ադրբեջանական կողմի հետևողական և նպատակային աշխատանքի արդյունքն էր: Դեռ 2011 թվականին Ադրբեջանի նախագահը, հանդես գալով Ադրբեջանի գիտությունների ակադեմիայում ասաց, որ հայերը փորձում են իրենց վերագրել նաև մեր ուտեստները՝ վկայակոչելով տոլման, նույն թվականից մեր կազմակերպությունը Սարդարապատի հուշահամալիրի տարածքում իրականցրեց տոլմայի փառատոնը :
- Կազմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացվելիք նյութական և ոչ նյութական մշակույթի հուշարձաների առաջնահերթությունների ցանկ՝ նրանց մեջ ներառելով նաև հայկական խոհանոցի որոշ տարրեր:
- Հայկական խոհանոցը դիտարկել, որպես զբոսաշրջության զարգացման կարևոր գրավական՝ կազմելով խոհանոցային տուրիզմի առանձին ծրագիր:
- Կառավարության համապատասխան մարմինների միջոցով՝ ՀՀ Արտաքին գործերի, Սփյուռքի, Կրթության և Գիտության, Մշակույթի և այլ նախարարությունների, գերատեսչությունների, կազմել հայկական խոհանոցի հանրահռչակման համապատասխան ծրագիր:
- Միջին մասնագիտական կրթական հաստատություններից մեկի հիմքի վրա ստեղծել ազգայի հյուրընկալության ուսուցման կրթական կենտրոն՝ պատրաստելով ազգային մշակույթին քաջատեղյակ կադրեր ռեստորանների, հյուրանոցների և զբոսաշրջային ընկերությունների համար: