00:00:00

«Իշխանափոխությունը չի կարող համարվել ավարտված, քանի դեռ Տարոնն ու ՀՀԿ-ն են տնօրինում Երևան քաղաքի բյուջեն»

00:15, 16 մայիս 2018

Իշխանափոխությունը չի կարող համարվել ավարտված, քանի դեռ Տարոնն ու ՀՀԿ-ն են տնօրինում Երևան քաղաքի բյուջեն․ ակտիվիստները չեն նահանջի Օրեր շարունակ բազմաթիվ երիտասարդներ բողոքի ակցիաներ են իրականացնում քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Այս առթիվ ստեղծվել է «Մերժենք Տարոնին» նախաձեռնությունը, որը նաեւ օն-լայն ստորագրահավաք է սկսել՝ քաղաքապետարանի հրաժարականի պահանջով։ Ստորագրահավաքին, որը դեռ ընթացքի մեջ է, արդեն 2 000 հոգի միացել են։ Irakanum.am-ի հետ զրույցում շարժման մասնակիցներից ակտիվիստ Արման Ղարիբյանը նշեց, որ «Մերժենք Տարոնին» նախաձեռնությունը ինքնակազմակերպված քաղաքացիների գործողությունների արդյունք է, որը դեռ ընթացքի մեջ է։ «Ցանկացած անձ, ով դեմ է գործող քաղաքապետին ու նրա ավագանուն, մասնակցում կամ հենց ինքն է նախաձեռնում որևէ գործողություն։ Տարոնին մերժելու հիմքերը բազմաթիվ են ու շատ հիմնավոր։ ՀՀԿ-ն երեք անգամ կեղծված ընտրությունների արդյունքում զավթել է Երևանի քաղաքի իշխանությունը և շարունակաբար մսխել է հանրային միջոցները։ Այս ընթացքում Տարոն Մարգարյանն ու իր շրջապատը միլիոններ են դիզել, որի մի մասը չեն թաքցնում, այն պաշտոնապես հայտարարագրված է»,- ասաց նա։ Ակտիվիստը նշում է այն բոլոր հիմքերը, որոնք բավական են՝ քաղաքապետարանի հրաժարականը պահանջելու համար՝ քաղաքի կանաչ տարածքների ոչնչացում, հանրային տրանսպորտի սարսափելի վատ վիճակ, ճարտարապետության «բռնաբարություն», թեքահարթակների բացակայություն, թափառող կենդանիների սպանդ․․․ «Սրանք ընդամենը Տարոնին մերժելու շարժառիթներից մի քանիսն են։ Երևանը Հայաստանի ամենամեծ համայնքն է, այստեղ է ապրում երկրի բնակչության կեսից ավելին և այստեղ հսկայական միջոցներ կան, որոնք թալանվում են ՀՀԿ-ի կողմից։ Իշխանափոխությունը չի կարող համարվել ավարտված, քանի դեռ Տարոնն ու ՀՀԿ-ն են տնօրինում Երևան քաղաքի բյուջեն»։ Արմանը կրկին պնդում է՝ Տարոն Մարգարյանին մերժողները անկախ քաղաքացիներ են, պարզապես ինքնակազմակերվել են՝ դեմ դուրս գալով ապօրինություններին։ «Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող մարդիկ տարբեր են՝ նրանց դժգոհություններն էլ տարբեր հիմքեր ունեն, շատ քաղաքացիներ իրենց մաշկի վրա են զգացել ՀՀԿ-ի պաշտոնավարության դառը հետևանքները՝ մեկի տունն են խլել ձեռքից, մյուսի այգին են ոչնչացրել, երրորդի բակն են վաճառել․․․ »։ Ակտիվիստի խոսքով՝  մարդիկ ինքնաբուխ արտահայտում են իրենց դժգոհությունը, այս շարժումը որևէ կերպ չի կառավարվում Նիկոլ Փաշինյանի կողմից կամ չի համաձայնեցվում նրա թիմի հետ։ «Սակայն սա նույն տրամաբանության մեջ է, ինչ թավշյա հեղափոխությունը, քանի որ դա հաջողվեց հենց ապակենտրոն ինքնաբուխ գործողությունների շնորհիվ։ Տարոնի դեմ դժգոհությունն էլ է ապակենտրոն, տարբեր օրերի տարբեր մարդիկ են դուրս գալիս փողոց ու պահանջում նրա հրաժարականը։ Այդ պահանջը վաղուց է հասունացել»,- ասում է նա։ Երբ ընդդեմ քաղաքապետի ակցիաները սկսվեցին, դրանք միանշանակ չընդունվեցին։ Ֆեյսբուքում, օրինակ, կային մարդիկ, որոնք նշում էին, որ պետք չէ նմանատիպ շարժումներ անել առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնության։ Այս առթիվ Արմանը նշեց․ «Մարդկանց մի խումբ կա, որ սպասում է Նիկոլ Փաշինյանի հրահանգին, որպեսզի դուրս գա փողոց, բայց բազմաթիվ են նաև այն քաղաքացիները, որոնք գիտակցում են, որ իրենց քաղաքի ու երկրի խնդիրները հենց իրենք պետք է լուծեն և հրահանգի կարիք չունեն որևէ բան նախաձեռնելու համար։ Բացի այդ, Երևան քաղաքի ավագանին տեղական ինքնակառավարման ընտրովի մարմին է, այն անկախ է, չի ենթարվում վարչապետին, այլ ենթարկվում է մեզ՝ երևանցիներիս, իսկ երևանցիները մերժում են Տարոնին»։ Ակտիվիստը պնդում է՝ ի վերջո Տարոն Մարգարյանը պետք է հեռանա, իսկ ավագանին՝ արձակվի։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր