Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» անտառապետ Ս. Վ.-ն, լիազորված լինելով կանխարգելել անտառպետության տարածքում ՀՀ անտառային օրենսդրության բոլոր տեսակի խախտումները, անտառպետության տարածքի սահմաններում իրականացնել հսկողություն, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, խախտելով օրենսդրության դրույթները, համաձայն որոնց անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայմանագրի և անտառահատման տոմսի կամ անտառային տոմսի հիման վրա, երկու անձանց միջոցով 2017 թվականի օգոստոսի 3-ին «Դսեղի անտառպետության» 2-րդ պահաբաժնից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է 7 հատ լորենի տեսակի ծառ: Դրա հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 850.500 ՀՀ դրամի վնաս:
Բացի դրանից, Ս. Վ.-ն, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով չի կատարել շրջայցեր, չի հայտնաբերել բացթողումներն ու թերությունները, որի հետևանքով ինքնությունը չպարզված անձանց կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» 4 պահաբաժիններում ապօրինի կերպով հատվել են 1475 կանգուն, տարբեր տեսակի ու տրամագծերի ծառեր, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր՝ 148.595.000 ՀՀ դրամի չափով վնաս:
2017 թվականի օգոստոսի 10-ին Ս. Վ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է, օգոստոսի 13-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ 1-ին մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 2018 թվականի մայիսի 10-ին Ս. Վ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նույն քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» թիվ 5-րդ պահաբաժնի անտառապահ Ս. Ե.-ին և թիվ 1-ին պահաբաժնի անտառապահ Մ. Հ.-ին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերջիններս պարտավոր լինելով կիրառել կանխարգելիչ միջոցառումներ ապօրինի անտառահատումների և ՀՀ անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ, ստուգել բնափայտի մթերման, անտառօգտագործման իրավունք ընձեռող փաստաթղթերը և հսկողություն սահմանել անտառօգտագործողների կողմից դրանց կատարման նկատմամբ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առգրավել և պահպանել ապօրինի հատված անտառանյութը և անտառխախտման միջոց հանդիսացող գործիքներն ու առարկաները, իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով պատշաճ կերպով չեն կատարել իրենց վրա դրված պարտականությունները, ինչի արդյունքում 2016-2017 թվականների ընթացքում իրենց հսկողության տակ գտնվող պահաբաժիններում ապօրինի հատվել են տարբեր տեսակի հարյուրավոր ծառեր, ինչի հետևանքով կազմակերպության և պետության իրավունքներին ու օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս:
Ինքնությունը չպարզված անձի /անձանց/ կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի ծառահատում կատարելու փաստի առթիվ վերոնշյալ քրեական գործի նյութերով հարուցվել նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և այն առանձնացվել առանձին վարույթում:
2018 թվականի մայիսի 15-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության առնելու համար: