Տեստոստերոնը հորմոն է, որն արտադրվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց օրգանիզմում, սակայն տղամարդկանց մոտ՝ ավելի մեծ քանակներով։
Տեստոստերոնի մակարդակը լայնորեն կախված է ձեր սեռից, տարիքից և առողջական վիճակից։
Ի՞նչ է տեստոստերոնը
Տեստոստերոնը գլխավոր արական հորմոնն է։ Այն կարևորագույն նշանակություն ունի տղաների սեռահասունացման շրջանում ամորձիների և առնանդամի զարգացման, ինչպես նաև մարմնի «արական հատկանիշների» ձեռք բերման գործում (օրինակ՝ դեմքի և մարմնի մազակալում, մկանների զարգացում և այլն)։
Տղամարդկանց մոտ տեստոստերոնը կատարում է այլ կարևոր գործառույթներ ևս, օրինակ՝ սեռական ցանկությունների կամ հակման կարգավորում, ամորձիների կողմից սերմնահեղուկի արտադրություն։ Կանանց մոտ տեստոստերոնի մեծ մասը փոխակերպվում է էստրոգենի, որն արդեն իգական սեռական հորմոն է։
Ո՞րն է տեստոստերոնի նորմալ մակարդակը
Ինչպես նշվեց, տեստոստերոնի մակարդակն ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց մոտ։ Հղի կանանց մոտ տեստոստերոնի մակարդակն աճում է 3-4 անգամ։
Սովորաբար տեստոստերոնի մակարդակն ամենաբարձր ցուցանիշներին հասնում է դեռահասության և վաղ չափահաս տարիքում։ 30-ից հետո տղամարդկանց մեծ մասի մոտ տեստոստերոնի մակարդակը յուրաքանչյուր տարի նվազում է շուրջ 1%-ով։
Արյան հետազոտությամբ տեստոստերոնի մակարդակի չափման վերաբերյալ մանրակրկիտ տեղեկություններ ստանալու համար առաջարկում ենք ընթերցել նաև մեր մեկ այլ հոդվածը։
Ցածր տեստոստերոնի պատճառները
Տեստոստերոնի ցածր մակարդակը կարող է ունենալ հետևյալ պատճառները՝
- առողջական խնդիրներ, օրինակ՝ լյարդի սուր հիվանդություններ
- լյարդի սուր ճարպակալում
- ամորձիների կամ հիպոֆիզի վնասվածքներ
- գիրություն
- ժառանգական հիվանդություններ (օրինակ՝ Կլայնֆելտերի համախտանիշ)։
Բարձր տարիքով տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը ցածր է։ Եթե դուք անհանգստանում եք ձեր արյան մեջ տեստոստերոնի ցածր մակարդակի համար, զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ, որ երկուսով որոշեք՝ արդյոք նման վիճակը բացատրվում է ձեր տարիքո՞վ, թե՞ կարող է լինել այլ խնդիրների պատճառով։
Ցածր տեստոստերոնի ախտանիշները
Արյան տեստոստերոնի ցածր մակարդակով տղամարդկանց մոտ կարող են զարգանալ հետևյալ նշանները՝
- սեռական ցանկությունների կամ հակման անկում, էրեկցիաների պակասում, ամլություն
- քնի բնույթի փոփոխություններ, քնի խանգարումներ
- ֆիզիկական փոփոխություններ, այդ թվում՝
- մարմնի ճարպերի կուտակում
- մկանային զանգվածի և ուժի թուլացում
- ոսկրերի խտության նվազում
- կրծքագեղձերի այտուցվածություն կամ պնդացում
- մարմնի մազածածկույթի նոսրացում
- էներգիայի անկում
- հուզական փոփոխություններ, այդ թվում՝
- մոտիվացիաների կամ ինքնավստահության անկում
- տրամադրության անկայունություն
- դեպրեսիա
- ուշադրությունը կենտրոնացնելու կամ հիշողության հետ կապված դժվարություններ։
Ցածր տեստոստերոնով կանանց մոտ կարող են առաջանալ հետևյալ նշանները՝
- օստեոպորոզ
- ընդհանուր հոգնածության զգացում և մոտիվացիաների թուլացում
- սեռական ցանկությունների կամ հակման թուլացում կամ կորուստ։
Ինչպե՞ս է տեստոստերոնի մակարդակը չափվում
Տեստոստերոնի մակարդակը չափվում է արյան հետազոտությամբ։ Տեստոստերոնի ցածր մակարդակը հաստատվում է երկու տարբեր օրերի հետազոտությամբ հորմոնի ցածր մակարդակներ ստանալու դեպքում։ Տեստոստերոնի լաբորատոր թեստի վերաբերյալ ավելի մանրակրկիտ տեղեկություններ ստանալու համար առաջարկում ենք ընթերցել մեր մեկ այլ հոդվածը։
Ցածր տեստոստերոնի բուժումը
Տեստոստերոնի ցածր մակարդակի բուժումը կախված է ձեր սեռից և նման վիճակն առաջացնող պատճառից։
Բժիշկը կարող է ձեզ առաջարկել տեստոստերոնային փոխարինող բուժում, երբ բնական տեստոստերոնի ցածր մակարդակը լրացվում է տեստոստերոնային դեղով։
Տեստոստերոնային բուժումը կարող է նշանակվել ներարկումներով, գելով, լոսյոնով, քսուքներով, կպչուն սպեղանիներով կամ հաբերով։ Դեռ վերջնականապես պարզ չէ, թե արդյոք մեծ տարիքով առողջ տղամարդկանց մոտ այս բուժումն ունի՞ որևէ արդյունավետություն։ Որոշ դեպքերում տեստոստերոնային բուժումը կարող է դառնալ նույնիսկ վնասաբեր։
Տեստոստերոնային բուժման ռիսկերն են՝
- ակնե (պզուկ) կամ մաշկային այլ ռեակցիա
- քաշի ավելացում
- շագանակագեղձի ոչ քաղցկեղային գերաճ (ադենոմա) կամ առկա քաղցկեղի ագրեսիվացում։