00:00:00

Բացահայտվել է Գյումրիի քաղաքային աղբանոցում կատարված սպանության դեպքը

10:25, 18 մարտ 2022 Իրավական

Պարզվել է Գյումրիի քաղաքային աղբանոցում 30-ամյա տղամարդու մահվան պատճառը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից:

«Մարտի 16-ին, ժամը 19.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրու քաղաքային աղբանոցում երիտասարդի դիակ է հայտնաբերվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբին 59-ամյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 16.00-ի սահմաններում քաղաքային աղբանոցում գունավոր մետաղների փնտրողական աշխատանքներ կատարելիս տեսել է, որ փլուզվել է հողակույտ, որտեղ գունավոր մետաղների փնտրողական աշխատանքներ էր անում 30-ամյա Վազգեն Յանգյանը: Ինքը մոտենալով փլված հողակույտին՝ տեսել է, որ Վազգեն Յանգյանը չկա, և ենթադրելով, որ նա մնացել է հողակույտի տակ, օգնության է կանչել երկու ծանոթ երիտասարդի և նրանց օգնությամբ փլուզված հողակույտի տակից հանել է Վազգեն Յանգյանին, ապա կանչով ժամանած շտապօգնության բրիգադը արձանագրել է նրա մահը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր և քերծվածքներ: Ըստ դատաբժիշկ-փորձագետի՝ վնասված է ձախ ազդրային զարկերակը, ինչը եղել է մահվան պատճառը:

Ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Կումայրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, քաղաքային աղբանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ գյումրեցի 59-ամյա տղամարդը դանակով խփել և վնասել է Վ. Յանգյանի ձախ ազդրային զարկերակը և սպանել նրան»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
59-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր